‘2014-ին Հայաստանում կմեկնարկի «Հյուսիս-Հարավ»-ի միջանցքի 3-րդ տրանշի վարկային ծրագրի իրացումը’

801

2014 թվականին Հայաստանում կմեկնարկի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի երրորդ տրանշի վարկային ծրագրի իրացումը, որը ֆինանսավորվում է Ասիական Զարգացման Բանկի կողմից: Այս մասին է նշվում «Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում:

Աղբյուրի համաձայն՝ երրորդ տրանշի շրջանակներում նախագծի իրականացմանը հաջորդ տարի կհատկացվի 9.631 մլրդ.դրամ, որից 7.639 մլրդ.դրամ կկազմեն վարկային միջոցները, իսկ 1.991 մլրդ.դրամ` ՀՀ կառավարության մասնակցության բաժինը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Թալին-Գյումրի ավտոճանապարհային հատվածը: Ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին և կավարտվի 2017 թվականին:

Բացի այդ, նախագծի շրջանակներում 2014 թվականին միջոցների տրամադրում է նախատեսվում նաև Եվրոպական ներդրումային բանկից: Նախագծի իրականացման ընթացքում հաջորդ տարի կֆինանսավորվեն 2.5 մլրդ.դրամի աշխատանքներ, որից 2.091 մլրդ.դրամ կկազմեն վարկային միջոցները, իսկ 418.3 մլրդ.դրամ` ՀՀ կառավարության մասնակցության բաժինը:

Նախագծի իրականացումը Հայաստանում սկսվեց 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ մեկնարկեց Երևան-Արարատ հատվածի շինարարությունը: Նախագծին կատարվելիք ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ.դոլար: 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Իսրայելյանի ժառանգության լուսաբանումը համացանցում’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիան» Ադիլ Ռամիին տուգանել է 275 հազար €-ով’