‘2014-ի աշնանը կայանալիք եպիսկոպոսաց ժողովը «կբացի սրբացման դուռը»’

1021

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եպիսկոպոսաց ժողովի արդյունքում որոշվել է 2014-ին կայանալիք հաջորդ եպիսկոպոսաց ժողովին հավաքական սրբադասման ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերին:

«Ընդունված է համարել, որ Ցեղասպանությանը զոհ են գնացել 1,5 միլիոն հայեր: Իհարյկե, ոչ ոք չի կարող ասել՝ որքան էր զոհերի իրական թիվը, անձամբ ես կարծում եմ, որ այդ թիվը 1,5 միլիոնից ավելի մեծ է, ուստի  սրբադասման ընթացքում որեւէ թիվ չի նշվելու», — նշեց Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով, մինչեւ հաջորդ ժողով կճշգրտվի սրբադասման ենթակա նահատակների շրջանակը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես եկեղոցում սրբադասման կարգի ճշգրտմանը, Արշակ սրբազանը նշեց, որ Ժողովը ի մի է բերել բոլոր այն սկզբունքները, որոնցով կառաջնորդվի եկեղեցին հետագայում եւս այս կամ այն անհատին կամ խմբին սրբերի դասը կարգելու համար:

Եպիսկոպոսաց ժողովը քննել է նաեւ եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը: Այս կապակցությամբ Արշակ սրբազանը նշեց, որ պետք է գտնել այնպիսի բանաձեւ, որը միաժամանակ չի խախտի եկեղեցու ավանդույթը եւ հավատացյալ ժողովրդի համար ավելի մատչելի կդարձնի եկեղեցական ծեսը: Նա մեջբերեց կաթոլիկ եկեղեցու օրինակը, որտեղ ժամանակին պարզեցվել է ծեսը եւ փոխվել է լեզուն: «Մենք գիտենք, որ այդ բարեփոխումը Կաթոլիկ եկեղեցու այցելուների թվի վրա առանձնապես ազդեցություն չունեցավ», — նշեց սրբազանը:

Եպիսկոպոսաց ժողովը որոշել է նաեւ հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվել է 2 մլն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ:

Եպիսկոպոսաց ժողովի քննարկման արդյունքում նաեւ ընդունվել է Մկրտության  և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր, որը կօգտագործվի եկեղեցու բոլոր հոգեւորականների կողմից Հայաստանում եւ սփյուռքում: iLur.am-ի խնդրանքով անդրադառնալով հարցին, թե որքանով է այլ քրիստոնեական եկեղեցիներում կատարված մկրտությունը վավեր Հայ առաքելական եկեղեցում, ժողովը նախապատրաստող աշխատանքային հանձնախմբի անդամ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը:

Համաձայն դրա, այլ եկեղեցիներում մկրտված անձինք Առաքելական եկեղեցու անդամ դառնալու համար կրկնակի մկրտության կարիք չունեն: Միեւնույն ժամանակ, Նարեկ սրբազանը հստակեցրեց, որ ասվածը վերաբերում է է այն եկեղեցիներին, որոնք քահանայություն եւ նվիրապետություն ունեն՝ Արեւելյան ուղղափառ եկեղեցիները, Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիները: Նարեկ սրբազանը նշեց, որ այս սկզբունքը փոխադարձ է, եւ այլ եկեղեցիների սպասավորներն էլ Հայ առաքելական եկեղեցու զավակներից կրկնակի մկրտություն չպետք է պահանջեն: Միեւնույն ժամանակ Նարեկ սրբազանը նշեց, որ Ավետարանական քրիստոնեական համայնքների վերաբերյալ եկեղեցին հստակ դիրքորոշում չունի, քանի որ ավետարանական կազմակերպությունները բազմաթիվ են եւ միասնական նվիրապետություն եւ դավանաբանություն չունեն: Իր հերթին Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հարցի կապակցությամբ նշեց, որ համենայնդպս Հայաստանում ավետարանական եկեղեցիները մշտապես փորձել են նաեւ կրկնակի մկրտության միջոցով անդամներ հավաքագրել Առաքելական համայնքի անդամներին եկեղեցուց անջատելով:   

Նախորդ հոդվածը‘Թոմաս Մելիա. «Բաքուն պետք է դադարեցնի ճնշումները մամուլի նկատմամբ»’
Հաջորդ հոդվածը‘Դել Պիերո. Շատ ուրախացա, երբ լսեցի որ Տոտտին երկարաձգել է իր պայմանագիրը’