‘2014-ի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված ծնելիության աննշան աճը չի խոսում փոփոխվող միտումների մասին’

892

2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է ծննդաբերության աճ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՎԾ  մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա, վերջին մի քանի տարիներին դիտվում էր ծնելիության անկում, սակայն 2014 թվականի առաջին կեսին գրանցվել է 3.2% աճ: 2014 թվականի հունիսի դրությամբ ծնվել է 19401 երեխա, մինչդեռ 2013 թվականի առաջին կիսամյակում ծնվել էր 18802 երեխա: Սակայն, հարկ է նշել, որ 2012-ին այս ցուցանիշը կազմել է 19330 երեխա, հետևաբար, անկախ փորձագետների կարծիքով, սա դեռ չի խոսում աճի որևէ կայուն միտումների մասին, մանավանդ, որ ծնելիության գործակիցը (1000 բնակչի կտրվածքով) 2012-ից մինչև 2014 թվականը, առաջին կիսամյակի կտրվածքով, աճել է աննշան չափերով`12.9-ից մինչև 13.0 պրոմիլե:

Հիշեցնենք, որ, ըստ տվյալների, 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9789 երեխա, 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջելով 2.2%, իսկ ծնելիության գործակիցը 1000 բնակչի կտրվածքով կազմել է 13.3 պրոմիլե, տարեկան կտրվածքով նվազելով 0.3 պրոմիլային կետով:

 

Հիշեցնենք նաև, որ երկրի կենսունակության գործակիցը (ծնելիության և մահացածության դեպքերի հարաբերակցությունը) առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 121%, նախորդ տարվա 128%-ի փոխարեն: Կիսամյակի համար նոր տվյալները ներկայացված չեն եղել: Կյանքի սպասվող միջին տևողույթունը Հայաստանում կազմել է 74.3 տարի, ընդ որում, տղամարդկանց մոտ այն կազմել է 70.9 տարի, իսկ կանանց մոտ` 77.5 տարի:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի բնակչությունը 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 12 հազար 900 մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 0.5% կամ 15.1 հազարով:

Կույումջյանը տեղեկացրել է նաև, որ 2014 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 9566 ամուսնություն և 2468 ամուսնալուծություն: Մեկ տարի առաջ արձանագրվել էր 8822 ամուսնություն և 1822 ամուսնալուծություն, իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածքում` 9217 ամուսնություն և 1596 ամուսնալուծություն:

Նախորդ հոդվածը‘Լեո Մեսսի․ 14 տարի «Բարսելոնայում» ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի շախմատային մարտահրավեր մրցաշարին’