‘ 2014-2015թթ. նոր խաղաշրջանում «Բարսելոնան» կունենա նոր մարզիչ, նոր Սուարես և նոր խաղ. այլ կերպ չի կարող գոյություն ունենալ’

915

Աշխարհի գավաթի առաջնությունում Իսպանիայի տապալումը բոլորովին էլ «տիկի-տակա»-ի մահը  չի նշանակում, ինչպես շտապեցին հայտարարել շատերը:  Դա ուղղակի ապացույցն էր այն բանի, որ լճացումը չի կարող ոսկյա լինել: Ամեն դեպքում այդպես է սպորտում: Իսպանիայի հավաքականը բոլորվին չէր ուզում հաշվի նստել ժամանակի հետ և ահա ժամանակը դիմեց շոկային թերապիայի մեթոդին: ժամանակն է, որ փոխվի նաև «Բարսելոնա»-ն, որի շատ ֆուտբոլիստներ Իսպանիայի  հավաքականում են: Լուսահոգի Տիտո Վիլանովան և նրա սանչո պանսա Ջորդի Ռոուրան  փորձեցին ընթանալ Պեպ Գվարդիոլայի դարաշրջանից հետո մնացած իներցիայով: Խերարդո Մարտինոն հասկանում էր փոփոխոությունների անհրաժեշտությունը, բայց չուներ ազդեցության լծակներ և ոչ էլ՝ հեղափոխություն անելու համար գործիքներ:  Եվ նրա оրոք տիրում էր ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան: Հիմա հերթը Լուիս Էնրիկեինն է. Պեպի հետևորդներից մեկն այլևս չի կարող շարունակել նախորդների  պես:  Նա պետք է խաղին նոր հնչեղություն տա, և այլ ճանապարհ չունի:

Բարսելոնյան ինքնուրույնության ջատագովները  սիրում են կրկնել ավանդույթների անձեռնամխելիության մասին, մոռանալով, որ  այդ ավանդույթները ակումբ են բերել հոլանդացիները՝ Ռինուս Միխելսը և Յոհան Կրուիֆը: Եվ դա ոչ այնքան հեռու ժամանակներում էր, այլ  70-ականներին: Իսկ մինչ այդ բոլորովին այլ «Բարսելոնա» էր, որն ընդհանուր ոչինչ չուներ ներկայիս թիմի հետ: Պեպ Գվարդիոլան հասարակության դատին ներկայացրեց շատ գեղեցիկ, հաջող և վառ հայեցակարգ, բայց ոչ միակ հնարավորը:  Միխելսի, Կրուիֆի, Ռոբսոնի և Ռայկարդի ժամանակ «Բարսելոնային» միավորում էր  ֆուտբոլի հանդեպ ստեղծագործական և անհատական մոտեցումը, սակայն այղ գաղափարների իրականացումը կարող է տարբեր լինել: Այս մասին պետք է հիշեն հատկապես նրանք, ովքեր  ցանկացած շեղում ներկայիս ոճից, համարում  են սրբապղծություն: Գվարդիոլայի  դարաշրջանը ամենահաջողն է ակումբի կյանքում, բայց միշտ էլ վաղ,  թե ուշ ցանկացած լավ բան ավարտվում է: Իսկ ակումբը պետք առաջ շարժվի:

Կամաց-կամաց «Բարսելոնան» բաժանվում է այն մարդկանցից, որոնք թիմի դեմքն էին վերջին  10 տարվա ընթացքում: Արդեն հեռացել է Պույոլը, ձմռանը, հավանաբար, կհեռանա Չավին, այլևս թիմում չէ Վալդեսը: Որոնել նրանց ճիշտ կրնоրինակների, ոչ միայն շատ բարդ խնդիր է, այլև անիմաստ: Փորձել վերականգնել արդեն անգուն խաղը՝ ահա սրանով է զբաղվել«Բարսա»-ն վերջին մրցաշրջանների ընթացքում: Սակայն ղեկավարությունը ինչ-որ պահ հասկացավ, որ պետք է խորքային, և ոչ թե մակերեսային փոփոխոություններ: Ձեռք բերեցին  Լուիսի Սուարեսին, որը բոլորովին էլ բարսելանյան ոճի խաղացող չէ՝այս բառի դասական իմաստով: Եվ սա оրինակներից մեկն է:  Լուիս Էնրիկեն իր տրամադրության  տակ ունի հարձակվողների տրիո՝ Մեսի – Սուարես – Նեյմար: 

Թղթի վրա այս անունները ուղղակի կարող են սարսափեցնել հակառակորդին,իսկ գործնականում կարող են դառնալ  կարապի, խեցգետնի ու գայլաձկան համակեցությունը: Հնարավոր է,  բայց սա արդեն  կյանքն է՝ եռացող, շարժուն ու վառ, այլ ոչ թե  ինչ- որ ամրոցի կիսահարկում գոյություն: Նրանք երեքն էլ տարբեր մարդիկ են և պետք է նրանց հարմար խաղային մոդել մշակել: Մեսին իր ողջ հանճարեղությամբ չի կարող մնալ կապտանռնագույնների խաղի ալֆան ու оմեգան: Նա ստիպված պետք կիսի իր իրավասությունները: Դա պետք է լինի  երեք տենորների համերգը, այլ ոչ թե մեկի բենեֆիսը: Այլ դեպքում, ամեն ինչ իզուր կլինի:

Ֆարբեգասի վաճառքը «Չելսի»-ին ևս մեկ ապացույցն է այն բանի, որ «Բարսելոնան» պաշտոնապես ճանաչել է այն փաստը, որ Սեսկը նոր Չավին չէ, և, ընդհանրապես, նոր Չավի չկա և առայժմ չի էլ լինի:  Դաշտի կենտրոնում Լուիս Էնրիկեն և նրա մարզչական շտաբը նույնպես պետք է ինչ-որ նոր բան մտածեն: Եվ ոչ միայն նրա համար, որ Չավիին դժվար է կամ գրեթե անհնար է փոխարինել: Գվարդիոլայի  ոճը հիմնվում էր երկու կետի վրա: Առաջինը՝ գնդակի վերահսկումն էր, երկրորդը՝ բարձր պրեսինգը: Առաջինը առանց երկրորդի արդեն «տիկի-տակա» չէ: Լավագույն  տարիներին նույնիսկ Մեսին էր հաճույքով մասնակցում պրեսինգներին, իսկ արդեն Պեդրոն, Կուենկան, Տելյոն, Ինյեստան  այնպես էին վազում… Պահանջել այդպիսի շարժում առանց գնդակի Մեսից, Նեյմարից ու Սուարեսից, հազիվ թե պետք լինի: Իսկ դա նշանակում է, որ «Բարսան» պետք քիչ տիրապետի գնդակին և, համապատասխանաբար, ամրապնդի կենտրոնը: Այստեղ արդեն միայն Բուսկետսը  քանդողի դերում բավարար չէ, և այստեղ, ճիշտ ժամանակն է հիշելու, որ թիմն ունի Խավիեր Մասկերանո, ներկայանալի պաշտպան և հիանալի հենակետային կիսապաշտպան: Իհարկե, հենակետային տարածքում կարող է խաղալ նաև նորեկը՝ Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնա» -ի ևս մեկ նորեկը դարձավ «Վալենսիա»-ի պաշտպան ժերեմի Մատյոն: Թիմը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի, և համաշխարհային ճանաչում ունեցող պաշտպան ձեռք բերել այդպես էլ չի հաջողվում: Արդյունքում՝ ակումբը 20 մլն եվրո վճարեց մի ֆուտբոլիստի համար, որը երբեք համաշխարհային աստղերի շարքին չի դասվել: Մատյո խաղային փորձ ունի ինչպես ձախ եզրում, այնպես էլ պաշտպանության կենտրոնում: Իր ժամանակին  նա Խորդի Ալբայի հետ միասին պահում էր«Վալենսիայի» պաշտպանության ողջ կենտրոնը: Սակայն, նրան Պիկեի հետ կապելը դժվար է: Ակնհայտ է, որ «Բարսելոնա»-ին պետք է անհատականություն ունեցող կենտրոնական պաշտպան, ով կկարողնա հուշել և  ապահովագրել: Այս խնդիրը կարել է լուծել արդեն միչմրցաշարային շրջանում, այնպես որ պաշտպանբության կառուցումը ևս Լուիս Էնրիկեի առաջնահերթ խնդիրներից է:

 

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 1129 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն ոչ մեկի հետ չի եղել և չի կարող լինել’