‘2015թ. հունվար-մարտին ոստիկանությունը 56 անգամ ոտնահարել է քաղաքացիների իրավունքները. Հաշվետվություն’

1529

‘

2015թ. հունվար-մարտ ամիսներին, արձանագրվել է 56 դեպք, երբ ոստիկանության աշխատակիցների կողմից ոտնահարվել են քաղաքացիների իրավունքները: Այս մասին ասվում է «Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին» հաշվետվությունում, որը հրապարակել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Կազմակերպությունը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց: Նշվում է, որ դեպքերն առանձնացվել և վերլուծվել են լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հիման վրա և հավաստիության համար պատասխանատվություն են կրում տարածող լրատվամիջոցները: Արձանագրված դեպքերը բաժանվել են երկու խմբի` անհատական դեպքեր և հավաքների ժամանակ տեղի ունեցած դեպքեր: Հավաքների մեջ ներառվել են բոլոր հանրային միջոցառումները` բողոքի ցույց, երթ, բացօթյա ասուլիս, մոմավառություն և այլ:

Նշված 56 խախտումներից 12-ի դեպքում ոտնահարվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 1-ի դեպքում` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, 7-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, 1-ի դեպքում` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, 6-ի դեպքում` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 2-ի դեպքում` լրագրողի` օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը, 4-ի դեպքում` ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը, 3-ի դեպքում` տեղեկատվություն ստանալու իրավունքը, 19-ի դեպքում` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 1-ի դեպքում` կյանքի իրավունքը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

‘

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի արտգործնախարարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Սա օրենք է, թե ինչպես օրինական ճանապարհով խուսափենք բանակից (Տեսանյութ)’