‘2015-ին Ստամբուլում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին’

797

Ստամբուլում հաջորդ տարի նախատեսվում է միջոցառումներ անցկացնել`նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ինչպես հայտնում է Asbarez-ը, թուրքական և ամերիկա-հայկական կազմակերպությունները համատեղ աշխատում են այդ ուղղությամբ: Այսպես`

թուրքական DurDe հասարակական կազմակերպությունը և Project 2015 նախաձեռնությունը նախատեսում են նաև շատ թվով հայերի տեսնել Ստամբուլում՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը ոգեկոչելու համար: Ծրագրի համաձայն, նախատեսվում է ապրիլի 24-ի երեկոյան հավաքվել Թաքսիմ հրապարակում, այցելել Շիշլիի հայոց գերեզմանատուն, որտեղ պատարագ կմատուցվի հայ զինվոր Սևակ Բալըքչիի հիշատակին, ով ծառայում էր թուրքական բանակում և թուրք զինվորի կողմից սպանվել էր 2011-ի ապրիլի 24-ին:

Միաժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով այդ միջոցառումների անցկացումը, նշել է, որ նման միջոցառումներ Ստամբուլում առաջին անգամ չեն անցկացվում:

«Նախատեսված են մի շարք միջոցառումներ, և դրանց անցկացումը Թուրքիայում շատ կարևոր է: Անհրաժեշտ է, որպեսզի թուրք հասարակությունը տեղեկացված լինի ոչ միայն անցյալի մասին, այլ նաև իմանա, թե ինչ է պահանջում հայ ժողովուրդը»,- եզրափակել է դաշնակցականը:

 

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն մրցանակ կստանա՝ քաղաքականության բնագավառում նվաճումների համար’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակչում է, այլ արդյունքներ (տեսանյութ)’