‘2015-ի պետբյուջե. Եկամուտների հավաքագրումը 2014-ի բազայի վրա խնդրահարույց է լինելու’

1609

2015-ի պետբյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման ցուցանիշին հասնելը կառավարության համար խիստ դժվար է լինելու, iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վահանգն Խաչատրյանը:

Համեմատելով ընթացիկ տարվա բյուջեի եկամտային հատվածը հաջորդ տարվա նախագծի հետ՝ տնտեսագետը նկատեց, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրումը «լավ բանի մասին» չի վկայում: Նրա խոսքով, 2014-ի պետբյուջեի համաձայն՝ եկամուտները պետք է լինեին 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ, 2013-ի համեմատությամբ՝ 98 միլիարդով ավելի, եւ դա պետք է տեղի ունենար տնտեսական աճի հաշվին:

«Անցնող տարվա հաստատված բյուջեի համաձայն՝ տնտեսական աճը պետք է կազմեր 5,5 տոկոս, սակայն ընթացքում մտցված վերանայումների արդյունքում ակնկալվում է 3,3% աճ (ավելի թարմ կանխատեսումների համաձայն (ԱՄՀ եւ ՀԲ)՝ 2,4 տոկոս): Բայց այստեղ մի պրադոքսի առաջ ենք կանգնում՝ հարկային մարմինները պարբերաբար զեկուցում են, որ հարկերի հավաքագրման պարտավորությունները կատարվում են: Հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են կատարվում»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ տնտեսական աճի տեմպերի նվազման պարագայում եկամուտների հավաքագրման կատարումը նշանակում է, որ կամ կառավարությունը կարողացել է կրճատել ստվերը, կամ շարունակվել է տարիներ շարունակ կիրառված  արատավոր աշխատաոճը՝ կանխավճարներ եւ գերավճարներ են հավաքել: Տնտեսագետի գնահատմամբ՝ տեղի է ունեցել վերջին տարբերակը՝ հարկերի գերավճարների եւ կանխավճարների հավաքագրում:

«Երբ նայում ենք խոշոր հարկատուների եռամսյակային հաշվետվությունները, տեսնում ենք, որ առաջացել են 142 միլիարդ դրամի գերավճարներ: Ստացվում է, որ կառավարության առջեւ դրված խնդիրը՝ տնտեսական աճի հաշվին ապահովել եկամուտների աճ, չի իրականացվել: Եւ քանի որ ստվերի դեմ պայքարի հայտարարված քաղաքականությունը այն արդյունքները չի տվել, որը կարող էր ապահովել եկամուտների հավաքագրումը, մնում է ենթադրել, որ կառավարությունը հիմնականում փոքր եւ միջին՝ անպաշտպան ձեռնարկատերերին ճնշելու եւ գերավճարներ կորզելու հաշվին կարողացել է կատարել եկամուտների հավաքագրման պլանը», — նշեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը նկատեց նաեւ, որ կառավարությունն արդեն որերորդ տարին է՝ թերակատարում է բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներկայացնելով դա  որպես ողջամիտ խնայողություն: Իրականում, նրա խոսքով, չպատճառաբանված խնայողությունը քանդում է  տնտեսությունը: «Բյուջեն օրենք է, որը կատարում է պահանջում, ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի մասով: Բյուջեով նախատեսված ծախսերը կատարելը պետության պարտավորությունն է՝ նախատեսված ծախս չկատարելը հերոսություն չէ, այլ պարզապես օրենքի խախտում», — ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս նույն տրամաբանությունը շարունակվում է 2015-ի բյուջեի պարագայում:


«Իշխանափոխությունից հետո հարկահավաքության խնդիրը հեշտ լուծելի կդառնա»

Անդրադառնալով արդեն 2015-ի բյուջեի եկամտային մասին՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ  2015-ի բյուջեի կատարողականը եկամուտների առումով լուրջ պրոբլեմներ է ունենալու, քանի որ կառավարությունը, ըստ էության, անհանգստացած  2014-ի իրավիճակից, առանձնապես եկամուտների մեծ հոսք չի ակնկալում:

Այսպես, ըստ տնտեսագետի, եթե 2013-ի համեմատ՝ 2014-ի եկամուտները ավելանում էին 98 միլիարդով, ապա 2015-ին՝ 2014-ի համեմատ, ընդամենը 49 միլիարդով՝ կրկնակի քիչ:

«Եթե ես համոզված լինեի, որ այս թիվը ձեւավորվել է իրական տնտեսական վիճակի հաշվարկման արդյունքում, ես կարող էի ասել՝ դե, ճգնաժամային տարի է եւ այլն, բայց սա այդպես չէ: Ուղղակի սա եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունները բոլոր ռեսուրսները սպառել են: Այսպիսի պլանավորումները դրա ապացույցն են: Սա նշանակում է, որ նման ակնկալվող եկամուտների դեպքում որեւէ տնտեսական աճ կամ սոցիալական առաջընթաց չենք ունենալու: Այսինքն, այն, ինչ որ պետք է հավաքեին եկող տարի, արդեն այս տարի հավաքել են եւ մյուս տարվա հաշվետվություններում արդեն չեն կարող ներկայացնել», — ասաց տնտեսագետը:

Հարցին, արդյո՞ք ստեղծված վիճակը չի ենթադրում, որ հավանական իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը եւս հարկերի հավաքագրման հարցում դժվարություններ կունենա՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց.

«Իշխանափոխությունից հետո, երբ շեշտադրումները փոփոխվեն, երբ որ հիմնական քաղաքական նպատակը ոչ թե այն լինի, որ իշխանությունը, կառավարությունը պետք է սպասարկի մարդկանց փոքր խմբի, այլ քաղաքացիների շահերը, այդ դեպքում խնդրի կատարումը շատ ռեալ եւ տեսանելի կդառնա: Հստակ երեւում է, որ գործող իշխանությունն այս բյուջեով ասում է՝ իմ հնարավորությունը այս քաղաքականության պայմաններում սա է, եւ սա էլ լուրջ կասկածի տակ է», — ասաց տնտեսագետը: Նրա համոզմամբ, եկող տարվա համար նախատեսվող 4,2%-անոց տնտեսական աճը իրականություն չի կարող դառնալ:

Վերլուծելով ընթացիկ տարվա ընթացքում վճարված ԱԱՀ եւ շահութահարկի տվյալները՝ Վահագն Խաչատրյանը հետեւություն է անում, որ կառավարության հռչակած տնտեսական աճը ոչ մի կերպ չի կարող իրական լինել:

«Տեսեք՝ ԱԱՀ գծով նախատեսված է ընդամենը 5 միլիարդ դրամի աճ կամ նախորդ տարվա համեմատ՝ 1%-ից մի փոքր ավելի: Սա շատ անհասկանալի է, որովհետեւ բյուջեում նախատեսվում է տնտեսության 4,1 տոկոսի աճ, ներմուծման ծավալների մեծացում 4-5 տոկոսով, եւ հասկանալի չէ, թե այս դեպքում ինչու պետք է ԱԱՀ աճն այսքան փոքր լինի: Նույնը՝ շահութահարկը: 2013-ին հավաքվել է 124 միլիարդ դրամի շահութահարկ: 2014-ին ծրագրավորվել է 136 միլիարդ, 2015-ի բյուջեով նախատեսված է 129 միլիարդ դրամի շահութահարկ հավաքել: Այսինքն՝ 2014-ի ծրագրավորածից պակաս:  Սա նշանակում է, որ տնտեսական աճ չի եղել: Այսինքն, չէր կարող տնտեսական աճ լինել, եւ ԱԱՀ ու շահութահարկի ծավալները չմեծանային», — նկատեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս բյուջեով կառավարությունը խոստովանում է, որ իր անելիքները վերջացած են: 

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա – Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Մուսուլմաններին վիրավորելու համար Բանգլադեշում ձերբակալվել է նախկին նախարարը’