‘2015-ին աշխարհի 20 երկրում կանցկացվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ ‘

947

2015 թ. աշխարհի 20 երկրում կանցկացվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից`ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանըը, կինոցուցադրությունները տեղի կունենան փետրվարից մինչև հունիս: Ֆրանսիան, Գերմանիան, Կիպրոսը, Բուլղարիան, Բելառուսը, Ռուսաստանն այն երկրների թվում են, որտեղ ցուցադրվելու են Ցեղասպանության մասին ֆիլմերը: Բացի այդ, ծրագիրը կներկայացվի նաև Թուրքիայում`Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Մովսիսյանի խոսքով, ֆիլմերի ցուցադրություններից բացի, կկազմակերպվեն հանդիպումներ պատմաբանների, կինոքննադատների և կինեմատոգրաֆիստների հետ, որոնց շրջանակում կքննարկվի Հայոց ցեղասպանության թեման:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից կապակցությամբ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Մասնավորապես`Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Ցեղասպանության թեմայով ժամանակավոր ցուցադրություններ կանցկացվեն երկրագնդի գրեթե բոլոր մայրցամաքներում: Մասնավորապես`2015 թ. մարտին մեծ ցուցադրություն կկազմակերպվի Փարիզի քաղաքապետարանի շենքում: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը դժգոհ է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի փոփոխությունից’