‘2015-ի հուվարի 1-ից նախատեսվում է ներդնել միասնական գույքահարկ’

1117

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում  նախատեսվում է ներդնել միասնական գույքահարկ: Այս մասին կառավարության այսօր կայացած նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է արագացնել այդ օրինագծի ընդունումը, որպեսզի համայքները կարողանան նախապատրաստվել դրա կատարմանը: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Օրինագիծն այսօր, բնականաբար, արժանացել է կառավարության հավանությանը: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նշել է, որ ներկայումս Հայաստանում գործում է երկու օրենք` անշարժ գույքի և հողի, անհրաժեշտ է դրանք միավորել մեկ օրենքում: Հողատարածքները և շինությունները կհարկվեն որպես միասնական գույք: Որպես հարկման բազա կկիրառվի անշարժ գույքի կադաստրային արժեքը: Նախարարը հավելել է, որ կպահպանվեն գույքահարկի և հողի հարկի ներկայիս դրույքաչափերը, և միասնական հարկը կկազմի այդ երկու հարկերի գումարը: Կպահպանվի նաև հարկերի վճարման հաճախականությունը, որն իրավաբանական անձանց համար կլինի տարեկան երկու, իսկ ֆիզիկական անձանց համար`տարեկան մեկ անգամ: 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր մաշկավեներաբանը մեկնել է Գյումրի՝ Գյումրիի հանրակացարանում ծագած վարակն ուսումնասիրելու. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենբաշին ամենուր է. Տեղամասում, ԶԱԳՍ-ում, թանգարաններում, դրամի վրա եւ դասագրքերում (ֆոտոշարք)’