2023-ին Զինված ուժերում 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից. «Ազատություն»

607

Այս տարվա երրորդ ամիսն է և Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից։

Մարտի 8-ին ժամկետային Անդրանիկ Օհանյանի մարմինը զինավանի հավաքակայանի հարակից անտառում գտան՝ ծառից կախված։ 20-ամյա Անդրանիկը երեք ամսից պիտի տուն գար:

«Պատկերացրեք նման բան, որ ասենք ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարար լիներ։ Ինքը նորմալ ծառայել է, ծառայության մեջ արժանացել է ահագին գովասանագրերի», — ասաց Խնածախ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։

Զինծառայողը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասում է՝ Բերդում էր ծառայում, ընտանիքին դժգոհություններ երբեք չի հայտնել, տանն էլ, ասում է, խնդիրներ չեն եղել:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ սպայական կազմն ու ծառայակիցները: Նախաքննությունն ընթացքի մեջ է։

«2023 թվականից սկսված, այսօրվա դրությամբ, ունենք արդեն 20 մահվան դեպք, որը, համեմատական կարգով, եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 5-ով ավելի է», — «Ազատությանն» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

Սա այս տարվա ինքնասպանություն որակված երկրորդ դեպքն է, ասում է Մովսեսյանը։ Հունվարից մինչև այժմ երկու զինծառայող էլ մեքենա վարելու կանոների խախտման հետևանքնով է զոհվել, մեկ կամավորական մարտական հերթապահության ժամանակ և 15 զինծառայող զոհվեց Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ։

«Ազատություն»

Նախորդ հոդվածըՕտարերկրյա գործակալների մասին օրինագիծը մերժվեց
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը խախտել է հրադադարը շփման գծում