‘26.5 մլն Փեսա Միշիկին՝ Վատիկանի դեսպանատան համար ‘

1652

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն քննարկում է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի ուղերձում՝ պետական մարմինների պահպանությանը վերաբերող հատվածից իմանում ենք, որ եկող տարի ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել են 7,875.2 մլն դրամի չափով, որը 2013 թվականի մակար­դակը գերազանցում է 210.5 մլն դրամով:

Պարզվում է՝ ծախսերի աճը պայմանավորված է Շվեդիայում (188.8 մլն դրամ) և Վատիկանում (26.5 մլն դրամ) նոր բացվող դեսպանության և ներկայացուցչության, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետ կապված (ՆՀ-160-Ա 29.06.2013թ.) վերջինիս պահպանման ծախսերի (70.9 մլն դրամ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի` 2014 թվականի 7 ամսվա ծախսերի փոխհա­տուց­ման  (10.1 մլն դրամ), ինչպես նաև 2013 թվա­կա­նի հաշ­վարկներում կիրառվածի համեմա­տու­թյամբ 2014 թվականի հաշվարկներում կիրառ­վող տա­րադրամի փոխարժեքի փոփոխման հետ կապված լրացուցիչ միջոցների նա­խա­տեսմամբ (93.1 մլն դրամ):

Ի դեպ, նշենք, որ Վատիկանի դեսպանատունը (դեսպանն, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է), ի տարբերություն մյուսների, այն եզակի դեսպանատներից է, որտեղ դեսպանն, ըստ էության, մշտապես չի «նստում»: Դեսպանը կարող է հանգիստ մնալ Հայաստանում եւ ժամանակ առ ժամանակ մեկնել Վենետիկ ու հետ գալ:

Ինչ վերաբերում է եկող տարվա բյուջեին, ապա ըստ նախագծի՝  դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծախսե­րից պակասեցվել է 169.0 մլն դրամ: Դա այն գումարն էր, որն այս տարի հատկացրել էին բացված դեսպանությունների պահ­պանման ծախ­սերի նախահաշիվներում գույքի և տրանսպորտային միջոցների ձեռքբեր­ման, այլ դեսպանությունների համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման և 2013 թվականին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության կազմա­կերպման, գործողությունների ծրագրի և միջոցառումների իրականացման ու համակարգման նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Անսիի փառատոնի տնօրեն. Կոտրվում է այն կարծրատիպը, թե անիմացիան պետք է լինի միայն մանկական’
Հաջորդ հոդվածը‘«Փարաջանով» ֆիլմը ներառվել է Տալլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում’