‘265.000 հատ մեդալ ես առնում, որ ի՞նչ անես…’

1697

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունն իսկապես ցնցեց բոլորիս: Տղան նախքան զորակոչվելն ավարտել էր Քվանտ վարժարանը, հասցրել էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, ապա ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել էր հայկական բանակ, որպեսզի կատարեր հայրենիքի նկատմամբ իր պարտքը:

Մի բան, որի չնչին գիտակցումից անգամ բացարձակապես զուրկ են մեր սպայակազմի շատ ու շատ ներկայացուցիչներ: Թե չէ` եթե անգամ հալած յուղի տեղ  ընդունենք Պնախարար Սեյրան Օհանյանի կողմից հրամցված վարկածը, թե մեր մայրերն իրենց զավակներին վատ են դաստիարակում, ու սպանությունն էլ, իբր, ծխարանում եւ մի «պզուկ» բառի պատճառով է տեղի ունեցել, ինչպե՞ս հասկանալ սպաների տարօրինակ վարքի դրդապատճառը: Մի՞թե ծխարանից պահակակետ ընկած 30 մետրն այդքան մեծ տարածություն էր, որ հրամանատարությունից եւ ոչ մեկը ոչ վիճաբանության ձայն է լսել, ոչ էլ փորձել  է  կանխել ողբերգությունը…

Բայց երանի թե սա կամ առաջին, կամ վերջին  դիպվածը լիներ: Համաձայն պաշտոնական իսկ տվյալների` միայն անցած տարի հայկական բանակում զոհվել է 39 հայ զինվոր: 11 ինքնասպանություն, զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում` 1 զոհ, 15 մահ՝ դժբախտ պատահարներից, 6 զինվոր մահացել է առողջական խնդիրներից եւ ոչ պատշաճ բժշկական օգնության արդյունքում, մեկ սպանություն եւ 3 մահ էլ արձանագրվել են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով:

Ընդ որում՝ ինչպես հայտնում է Վանաձորի Հելսինկյան կոմիտեի գրասենյակը` 39 պատահարներից միայն 15-ի դեպքում է, որ ինֆորմացիայի տարածման աղբյուրը եղել ՀՀ ՊՆ-ն, ինչպես համապատասխան օրենքն է պահանջում: Չխոսենք արդեն այն մասին, որ ինքնասպանություն որակված մի քանի դեպքերում ակնհայտ են եղել բռնության հետքերը:

Հիմա սիրտ կեղեքող, բայց ընդամենը 39 չոր փաստ դարձած այս ամենի արդյունքում քանի՞ սպա է քրեական պատիժ կրել` կհարցնեք: Ոչ մեկը: Չէ, դուք հասկանո՞ւմ եք` սա ինչ է նշանակում. 39 երիտասարդ է մահացել մի տարվա մեջ հայկական բանակում, այսինքն` միջին հաշվով ամեն ամիս չորս մայր է կռացել իր որդու սառը ճակատը վերջին անգամ համբուրելու, եւ սրա համար ոչ ոք արժանիորեն չի պատժվել:

Ո՞ւմ համար է, ուրեմն, նախարար Սեյրան Օհանյանը որոշել այս տարվա ընթացքում 115 միլիոն 594 հազար դրամ ծախսել  եւ 265.000 հատ մեդալներ ձեռք բերել: Որ ի՞նչ անի` հանցագործներին, հանցագործությունը կոծկողներին եւ անպատասխանատուների՞ն պարգեւատրի: Եւ ո՞ւմ է պետք էդ մետաղի ջարդոնը` գոնե իրենք իրենց հարցրե՞լ են: Թե՞ դա էլ են թողել վշտից խելագարված մայրերի դատին: Դատվելու եք: Չկասկածեք…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանում երեխաների բուժումը դարձել է վճարովի’
Հաջորդ հոդվածը‘«Ո՞վ թանկացրեց գազը, մինչեւ վերջին խազը» — Սոցիալ-քաղաքական պոետիկ հումոր’