‘296 մլն դրամի գրավ կալանքի փոխարեն. Խաչիկյանի գործով հերթական նիստը’

1324

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր դատարանը բավարարեց ամբաստանյալ Վահագն Խաչատրյանին՝ հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու փաստաբանի միջնորդությունը։ Ընդ որում, մեղադրող կողմը խնդրել էր հետաձգել միջնորդության քննարկումը և դրան անդրադառնալ դատաքննության ընթացքում, սակայն դատարանը՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, գտավ, որ հետաձգելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուտով կանցնեն դատաքննության փուլ և բավարարեց միջնորդությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Ընդ որում, որպես գրավի ապահովման միջոց փաստաբանն առաջարկեց ընդհանուր առմամբ 296 մլն դրամի արժեքով գրավ, որից 10 միլիոնը դրամի ձևով, իսկ մնացածը՝ անշարժ գույքի։ Նշենք, որ Հովհաննես Գրիգորյանը նախկինում եղել է սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի վճարային ծառայության պետ։ Մեղադրողն առարկել է միջնորդության դեմ՝ այն գնահատելով անհիմն։ Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 15-ին։

Հիշեցնենք, որ այս քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը հայցադիմում է ներկայացրել դատարան քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա.Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր առմամբ` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականը. Տեսանյութը դեռ ՀԸ-ներին չեն տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը 55 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի սիրիահայությանը. Սփյուռքի նախարարությունում տեղյակ չեն’