‘3 երեխաների աչքի առաջ ամուսնու ու սկեսրոջ կողմից բռնության ենթարկված կինն օգնություն է խնդրել’

1346

Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել մի կին, ով ընտանիքում, պարբերաբար, երեք երեխաների աչքի առաջ ամուսնու և սկեսրոջ կողմից ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության: 

Գայանե Մուրադյանին ամուսինն ու սկեսուրը ստիպել էին տանից հեռանալ երեխաներից մեկի հետ, իսկ մյուս երկուսին պահել էին իրենց մոտ և թույլ չէին տալիս տեսակցել: Գայանեն խուսափում էր դիմել ոստիկանություն և Պաշտպանի աշխատակազմ էր դիմել իրեն աջակցելու խնդրով: 

Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը կնոջը հոգեբանական աջակցություն տրամադրելուց հետո, նրան ներկայացրել էր նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները, այնուհետև հանցագործությայն մասին հաղորդում տալու նպատակով կնոջն ուղեկցել ոստիկանություն: 

Հաջորդ օրը Գայանեն հեռախոսազրույցի ընթացքում Աննա Սաֆարյանին շնորհակալություն էր հայտնել իր խնդրանքին արագ աձագանքելու համար: Գայանեն պատմել էր նաև, որ ոստիկանները հաղորդում և դրա վերաբերյալ բացատրություն տալուց հետո իրեն տուն են ուղեկցել և ընտանիքի անդամներին զգուշացրել Գայանեի նկատմամբ բռնարարքների դեպքում հետագա հետևանքների մասին: 

Մինչ այդ Գայանեն մտավախություն ուներ, որ ամուսնու տուն վերադառնալուց հետո կրկին կենթարկվի բռնության և նրան թույլ չեն տա տեսակցել երեխաներեին, սակայն ամուսնու ընտանիքի անդամները տեսնելով Գայանեի` իրեն և իր երեխաներին պաշտպանելու հաստատակամությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխել են և Գայանեի խոսքերով ասած` « իրեն միայն ջան-ով են դիմում»:

Գայանե Մուրադյանի` ոստիկանություն ներկայացրած դիմումի ընթացքը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի հսկողության տակ: 

Կնոջ անուն-ազգանունը փոխված է:

Նախորդ հոդվածը‘Հնգամյա երեխան տանից դուրս է եկել հինգերորդ հարկից դուրս թռչելով’
Հաջորդ հոդվածը‘Վաչոն պիտի շտապ կադրային փոփոխություններ իրականացնի թիկնազորում. Մամուլ’