Մեծ Բրիտանիան 2,5 մլն եվրո (մոտավորապես 3 մլն դոլար) կհատկացնի Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակին՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում կատարված սեռական հանցագործությունների հետաքննության համար։
Այդ մասին հինգշաբթի, Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցերով Միջազգային համաժողովում հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ փոխնախարար Թարիք Ահմադը, որը բրիտանական գերատեսչությունում վարում է Հարավային Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի պետությունների, ՄԱԿ-ի հետ հարաբերությունները։
Նման հետաքննություն անցկացնելու «հիմնական գործիքը», ըստ Ահմադի, «Մուրադի կոդեքսն» է (The Murad code), որն ապրիլին ներկայացրել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, 2018 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նադեյ Մուրադը և Հաագայում Քրեական հետաքննությունների միջազգային ինստիտուտը։ Նախագիծը, որին առաջարկվում է հետևել կամովին, կոչված է աջակցելու զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության զոհերին և պատասխանատվության կանչելու մեղավորներին։
Փոխանցում է tass.ru-ն։