‘3.2 մլրդ դոլարի շինարարության կազմակերպումը ստանձնած ընկերությունը չունի գրասենյակ. «ՀԺ»’

1496

«ՀԺ»-ն անդրադառնում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը և այդ շինարարության կազմակերպումը ստանձնած «Ռասիա ՖԶԵ» ընկերությանը: Թերթը գրում է.

«Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ստանձնած «Ռասիա ՖԶԵ» ընկերության նախագահ Ջոզեֆ Բուկովսկին երեկ ասուլիս է հրավիրել և ներկայացրել որոշ մանրամասներ այդ ծրագրի վերաբերյալ։

Ժամանակակից Հայաստանի ամենամեծ բլեֆներից մեկը համարվող այս նախագիծը, որը թերևս համեմատելի է «Արմենիկումի» հետ, իհարկե չի իրականանալու։ Պարզապես զուտ սպորտային հետաքրքրություն կա այս ծրագրի շուրջ և հիմնական հարցն այն է, թե ով ինչ շահ ունի, ով ում է ուզում «գցել», որքան և ինչպես և հենց սա է այս ծրագրի միակ հմայքը։

Երեկ այս հարցի պատասխանը չգտնվեց, բայց կռահումներ կարելի է անել։ «Ռասիա ՖԶԵ»-ն, ինչպես արդեն նշել ենք, գրանցված է Դուբայում, որը նույնիսկ մեր կառավարության սահմանած չափանիշներով օֆշորային գոտի է համարվում։ Սա դեռ բավարար չէ, երեկ Բորկովսկին հայտարարեց, որ այս ընկերությունը ունի գրասենյակներ նաև Սինգապուրում և Վիրջինյան կղզիներում։

Մի հետաքրքիր զուգադիպությամբ, այս երկուսն էլ են օֆշորային գոտիներ։

Արձանագրենք սա էլ անցնենք առաջ։ «Ռասիա ՖԶԵ»-ի նախագահը երեկ հայտարարեց, որ այս նախագծի մշակման վրա իրենք արդեն իսկ ծախսել են 15 միլիոն դոլար։ Բայց Հայաստանում իրականացվելիք ծրագրի վրա այդքան գումար ծախսելով հանդերձ՝ այս ընկերությունը գրասենյակ չունի Հայաստանում։ Ավելին, չկա որևէ հայկական հեռախոսահամար, որով հնարավոր է կապվել այս ընկերության որևէ ներկայացուցչի հետ։ Կա միայն մեկ էլեկրոնային հասցե, որը Դուբայում տեղակայված իրենց գրասենյակինն է։ Էլի մի հետաքրքիր զուգադիպությամբ, Դուբայի իրենց գրասենյակի հեռախոսահամարը նույնպես չի նշվում։ Իսկ դա կարող է, մեղմ ասած, կասկածներ առաջացնել, որ դա ոչ թե այդ ֆիրմայի գրասենյակն է, որտեղ մարդիկ նստած աշխատում են, այլ ընդամենը իրավաբանական հասցե է, որտեղ պարզապես գրանցված է այս ընկերությունը։

Միայն նախնական ոաումնասիրությունների համար իբր 15 միլիոն դոլար ծախսած ընկերությունը Երևանում թերևս մի ներկայացուցչական գրասենյակ պետք է որ ունենար։ Բայց չունի՝ Բորկովսկին ասուլիսը հրավիրում է տրանսպորտի նախարարության շենքում։

Սա էլ արձանագրենք, ու անցնենք առաջ։ Իրան-Հայաստան երկաթուղու արժեքը, ըստ «Ռասիա ՖԶԵ»-ի, կազմում է 3.2 միլիարդ դոլար։ Այսինքն, այս ընկերությունը պետք է ճարի այդքան ներդրումներ, կառուցի երկաթգիծը, առնվազն 30 տարի այն շահագործի…։ Եվ ի՞նչ եք կարծում, որքան է այս ընկերության կանոնադրական կապիտալը։ Այս հարցին երեկ Բորկովսկին հրաժարվեց պատասխանել։

Այսինքն, ամենևին էլ չի կարելի բացառել, որ իր իսկ հաշվարկներով 3.2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր իրականացնող ընկերության կանոնադրական կապիտալը լինի այնքան, որքան սովորաբար լինում է օֆշորներում ինչ-ինչ նպատակներով գրանցվող ընկերությունների կանոնադրական կապիտալը, ասենք մի 500 կամ 1000 դոլար։ Եթե կապիտալը լիներ տպավորիչ, ասենք մի 500 միլիոն դոլար, ապա կասկած չկա, որ Բորկովսկին այդ մասին կհայտարարեր առանց լրագրողների հարցերին սպասելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ի Լուսավորման երթը Երեւանի փողոցներով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուր. Բոլորը դեպի փողոց’