30 տարի առաջ ընտրել էինք կյանքը. Առավոտ

508

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հասցեին վիրավորանքներն ու անեծքներն ինձ համար անընդունելի են: Ցանկացած մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, որքան էլ այն մեզ համար անընդունելի լինի: Նախ` պետք է հասկանալ, թե ինչ է նա ասում, եւ երկրորդ՝ ինչու է ասում: Պատգամավորի ասածը հետեւյալն է. մենք՝ հայերս սխալվել ենք 1915 թվականին, եւ եթե ճիշտ վարքագիծ ընդունեինք, ապա Ցեղասպանություն տեղի չէր ունենա: Ինչպես նաեւ սխալվել ենք 1991 թվականին՝ պատերազմի մեջ մտնելով Ադրբեջանի հետ: «Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք»:

Օսմանյան Թուրքիայում 1878 թվականից սկսած իրադարձությունների մասին ես, ի տարբերություն պատգամավորի, ինձ իրավունք չեմ վերապահում նման կտրուկ դատողություններ անել: Ես գերադասում եմ խոսքը տալ մարդկանց, որոնք այդ խնդիրն ուսումնասիրել են: Ահա թե ինչ է ասել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995-ին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում. «Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եվրոպական երկրիների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարեփոխումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից»: Ճիշտն ասած, ինձ ծանոթ չէ, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող որեւէ հայ, թուրք կամ արեւմտյան լուրջ հետազոտող, որն այս հարցում արտահայտեր Տեր-Պետրոսյանից տարբերվող տեսակետ: Գուցե Արսեն Թորոսյանը գիտի: 30 տարի առաջ թույլ տրված «սխալի» մասին կարող եմ ավելի վստահ խոսել, որովհետեւ «սխալվողներից» մեկը ես էի՝ սկզբից որպես այն պատերազմը լուսաբանող լրագրող, իսկ այնուհետեւ որպես առաջին նախագահի մամուլի քարտուղար: Տարբերակ կա՞ր չմտնելու այդ պատերազմի մեջ: Այո, բայց այդ դեպքում Արցախում ապրող 150 հազար հայերին սպասում էր նույն ճակատագիրը, որը պատուհասել էր Սումգայիթի եւ Բաքվի հայերին՝ դաժան խոշտանգումներով մահ: Այնպես որ՝ այս հարցում կարող եմ միանշանակ պնդել, որ պարոն Թորոսյանը  սխալվում է՝ այն ժամանակ մենք ընտրել ենք կյանքը՝ արցախցի մեր հայրենակիցների կյանքը: Ավելի կարեւոր հարց է, թե ինչու Արսեն Թորոսյանն այդ ասում: Ընդդիմադիրներն ասում են՝ ուզում է հաճոյանալ Ալիեւին եւ Էրդողանին: Համաձայն չեմ՝ մեկ պատգամավորի կարծիքը չի կարող նրանց հետաքրքրել: Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող օրենսդիրը պարզապես արտահայտում է իր ընտրազանգվածի կարծիքը: Իսկ ինչպիսի՞ն է այդ ընտրազանգվածը: Շատ չտարածվելու համար մեջբերում անեմ ռուս մեծ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու պոեմից.

 Мы только мошки, мы ждем кормежки.

Закройте, время, вашу пасть!

Мы обыватели – нас обувайте вы,

и мы уже за вашу власть.

Արամ Աբրահամյան

Aravot.am

   

Նախորդ հոդվածըԱրցախի ԱԺ խմբակցությունների կոչը միջազգային հանրությանը եւ ռուս խաղաղապահներին
Հաջորդ հոդվածըՔնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակից․ ՊՆ