31 տարվա հեռատեսություն․ ՉԻ

1541

Երեկ Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է չեղարկել Լիտվայի անկախությունը ճանաչելու մասին՝ ԽՍՀՄ Պետխորհրդի որոշումը: Ըստ նախագծի հեղինակի՝ այդ որոշումը անօրինական է, քանի որ այն ընդունած ԽՍՀՄ Պետխորհուրդը սահմանադրությամբ չնախատեսված մարմին է:

Շատերը կարող են ուսերը թոթվել, թե ինչի համար ենք այս մասին գրում: Մինչդեռ սա չափազանց կարևոր է. Ռուսաստանը 31 տարվա վաղեմության հարցի է անդրադառնում, և դա կարող է պրոբլեմ դառնալ հետխորհրդային շատ երկրների համար, բայց ոչ՝ Հայաստանի:

Շատերը կարող են չհիշել կամ չիմանալ, որ երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ը ԳԿՉՊ-ից հետո փլուզվեց, նրա կազմում գտնվող հանրապետությունները հերթով սկսեցին հայտարարել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու մասին: Անկախանալու և Միութենական պետությունից դուրս գալու այդ գործընթացը պարզապես հետևանք էր Կրեմլի՝ այդ գործընթացները կանխելու անզորության:

Իսկ ահա Հայաստանի իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այլ ճանապարհով գնացին: Մեր իշխանությունները Հայաստանի անկախության գործընթացը նախաձեռնեցին՝ ԽՍՀՄ գործող սահմանադրության օրենքներին ու տառին համաձայն: Այսինքն՝ Հայաստանի անկախ պետականություն հռչակելու գործընթացը ամբողջությամբ լեգիտիմ է եղել, չի խախտվել այն ժամանակ գործող և ոչ մի օրենք: 

Եվ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել մեր անկախության գործընթացի լեգիտիմությունը: 

Դա ահռելի տարբերություն է. մեր դեպքում եղել է անկախացման իրավական գործընթաց, մյուս միութենական հանրապետությունների դեպքում՝ քաղաքական գործընթաց: Սրանց դեպքում Ռուսաստանը կարող է շահարկել, կասկածի տակ դնել այդ պետությունների անկախացման իրավական հիմքերը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն՝ այն, ինչ արել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը:

Սա գրում ենք նրա համար, որ հասկանալի լինի, թե ինչ ամուր հիմքերով է Հայաստանի անկախությունը կայացել, և 31 տարի առաջ Հայաստանի իշխանությունները ինչ հեռատեսություն են ցուցաբերել: Իսկ այն ուժերը, որոնք այդ իշխանությունների արածները ուրացել են, վարկաբեկել, այն ժամանակ «անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլային»: 

Չորրորդ Իշխանություն

iLur-ի կողմից

Այս առիթով տեղին ենք համարում վերահրատարակել «Նյու Յորք թայմզ» թերթի թղթակից Ֆրենսիս Քլայնզի՝ 1991 թվականին հրատարակած հոդվածը։

Հայաստանի ղեկավարը հմտորեն է նավարկում

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայկական հակահեղափոխությունը հանդարտ է ու մեղմ.– ողորմածորեն եւ ռազմագիտորեն հանդարտ, ինչը առավել պատճառ է, որ նախագահ Գորբաչովն ու ամբողջ աշխարհը ուշադիր հետեւեն նրան։ Մինչ խորհրդային պետության մեջ քաղաքական փոթորիկից եւ չարագուշակ սպառնալիքից գրեթե ամեն ինչ ցնցվում է, Հայաստանի Հանրապետության նախագահ Տեր-Պետրոսյանը մի այլ ճանապարհ է հարթում դեպի նույն այն անկախությունը, որին շատ ավելի հռչակված հանրապետություններ, ինչպես Լիտվան եւ Վրաստանը, փորձում են տիրանալ թերթերին ճչան խորագիրներ մատակարարող առճակատումներով։ Նախագահ Տեր-Պետրոսյանը 46 տարեկան է, արեւելագետ։ Գորբաչովի կառավարության կողմից նա ժամանակավորապես բանտարկվել եւ, վերջերս, փոխանակ անարգանք թափելու Կրեմլի վրա, նրբամտորեն դասեր էր տալիս նրան։ Նա վճռական դեր խաղաց, երբ կամովին ստանձնեց կուլիսների ետեւից միջնորդել՝ հանդարտեցնելու Լիտվայում հունվարին ծագած ճգնաժամը, որ հետեւանք էր խորհրդային զինվորների կրակոցներից ընկած, անկախության ցույցերին մասնակցած 16 քաղաքացիների սպանության։ Տեր-Պետրոսյանը փոխանակ սիրաշահելու եւ պոպուլիստական ժամանակավոր շահերի հետեւից ընկնելու, կարողացավ զինաթափել հանրապետության գերոգեւորված ազգայնական զինյալ խմբակներին, խուսափելով կարգուկանոնի եւ օրինախախտման հետագա գլխացավանքներից։ Անցյալ ամիս, առանց ցնցող հայտարարությունների, նա մերժեց Գորբաչովի ձեռնարկած միութենական անորոշ հանրաքվեն, այն համարելով բացահայտ քարոզչական արարք, ոչ թե ինքնորոշման ուղղությամբ ձեռնարկված քայլ։ Ավելին, նա հակաքայլ կատարեց՝ որոշելով առաջիկա սեպտեմբերին Հայաստանում կայացնել անկախության հանրաքվե։ Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմանադրության պահանջներին համաձայն, վեց ամիս առաջ այդ մասին նախազգուշացնելով Կրեմլին։ Հետեւաբար, օրենքների դիկտատի մեջ հմտացած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել։ Տեր-Պետրոսյանի հանրաքվեն ունի նաեւ մի պարզ առաջադրանք. ի տարբերություն այլ հանրապետությունների, Հայաստանին տարիներ են պետք ամբողջովին անջատվելու համար, այդ ընթացքում կարելի է ստեղծել ազատ շուկայի տնտեսական հիմքերը, որոնք Տեր-Պետրոսյանը համարում է կենսական անկախորեն գոյատեւելու համար։ «Գորբաչովին մարզել են մեր մրցակիցները»,– ասում է պարոն Տեր-Պետրոսյանը, նրան համարելով տանուլ տված, վտանգավոր եզրափակիչ փուլի առաջնորդը, որին, նրա՛ իսկ սիրույն, պետք է ուշքի բերեն գորբոմանիայով տառապող արեւմտյան կառավարությունները։

«Ներկայումս արեւմտյան օժանդակությունը ուժեղացնում է կենտրոնական կառավարության պահպանողականներին», ասում է նա, նախազգուշացնելով, թե ժամանակն է, որ Արեւմուտքն ընդունի այս իրողությունը, ինչին Գորբաչովը նպաստեց եւ ինչին այժմ նա հակառակվում է։ «Խորհրդային Միության գաղափարն իսկ այժմ անընդունելի է ամեն ձեւի տակ, բացի եւրոպական համագործակցության նման ընկերակցությունից»։ Հայ ղեկավարը նոր ժամանակաշրջանի խորհրդային այն քաղաքագետներից է, որ կարող է ժպտալ՝ ընդունելով, որ Գորբաչովը, համայնավարության հոգնած վագրին հեծած, կարող է դեռեւս ձգտել ամբողջատիրության վերադարձին։ «Սակայն դա չի հաջողի», ասում է Լ. Տեր-Պետրոսյանը՝ շուռումուռ տալով ձեռքի սիգարակալը, կարծես ապագայի վրա սեւեռելով այն։ «Վաղ թե ուշ Գորբաչովն ու կենտրոնական կառավարությունը ընդունելու են նոր իրականությունը. այն, որ հանրապետություններն արդեն իրագործում են իրական իշխանությունը եւ սկսում են հարցերը լուծելու քաղաքական անարյուն միջոցներ գտնել»։

Այստեղ, այս փոշոտ եւ ոտնակոխ եղած մայրաքաղաքի փողոցներում նախագահ Տեր-Պետրոսյանի նոր եւ թարմ քաղաքականության հաջողությունն անառարկելի է. այն համախմբում է հարավային այս հանրապետության ժողովրդին։ 1988թ. երկրաշարժի եւ հակառակորդ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պայթած ազգամիջյան վայրագության հետեւանքով հարյուր հազարավոր գաղթականներ են հայտնվել երկրում։ Տեր-Պետրոսյանն ընդունում է, որ իր ծրագրում կան այնպիսի դժվարին հարցեր, ինչպիսին է պաշարված, Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող հայաբնակ Ղարաբաղը։ Սակայն նա հավաստում է, թե իրեն կամաց-կամաց հաջողվել է նոր, հանգիստ հարաբերություններ հաստատել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Հայաստանում Տեր-Պետրոսյանի գլխավոր քննադատը համակրելի այլախոհ Պարույր Հայրիկյանն է։ Սա ամերիկյան աքսորից վերադարձավ, երբ արդեն Լ. Տեր-Պետրոսյանը հասել էր քաղաքական հաջողության։ Հայրիկյանը քննադատում է նախագահին, թե նա բավարար չափով չի հակադրվում Մոսկվային։ «Այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը կտեսնի մեր հետապնդած քաղաքականության իրապաշտությունը, նա մեր կողքին կմնա», ասում է Տեր-Պետրոսյանը։ Նրանց միջեւ ծագած վերջին հարցը կապված էր Հայրիկյանի կողմից Երեւանում համայնավար կուսակցությանը պատկանող շենքի գրավման հետ, որը նա համարում է իր երկար տարիների բանտարկության արդար հատուցում։ Նախագահ Տեր-Պետրոսյանը միլիցիա ուղարկեց նրան այդ շենքից վտարելու, իր քայլը հիմնավորելով այն տրամաբանությամբ, որ եթե Հայաստանն ուզում է անկախության իր ձգտումը առավել լրջությամբ դիտվի ուրիշների կողմից, պիտի ցույց տա օրինականությունը հարգելու հավելյալ ապացույցներ։

Խիստ եռանդուն եւ ըմբոստ խորհրդարանում նախագահը դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը Թուրքիայի հարցում, որը համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում վայրագորեն տեղահան էր արել բազմահազար հայերի. սրանց մեծ մասը մահացել են քաղցից եւ ջարդերից։ Նա պնդում էր, որ անկախության հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարեւանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու։ Թեեւ նրան չհաջողվեց հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց, մնալով այն մարդը, որ հետամուտ է նոր ուղիներ որոնելու՝ ապագան դիմագրավելու համար։ Հայ ղեկավարի ոճն է նախ դիմագրավել, ապա մերժել Գորբաչովի նախաձեռնությունները, սակայն սովորություն չդարձնել դրանց մասին հայտարարություն անելը։ «Մենք չենք ենթարկվում խորհրդային օրենքին», պարզապես, ասում է նա։ Սակայն նա վարպետ է նաեւ Կրեմլի հետ փոխզիջումների գնալիս։ Օրինակ, մինչ Լիտվան սրեց խորհրդային բանակում ծառայության հարցը՝ հրահանգելով իր զինակոչիկներին չծառայել այնտեղ, այդպիսով նրանց վերածելով պատանդների, որոնք ի վերջո ձերբակալվեցին ու դատի տրվեցին, Տեր-Պետրոսյանը աստիճանաբար գործնական փոխզիջողության հասավ ուղղակի զինվորական պաշտոնատարների հետ։ Այդ համաձայնությունը թույլ է տալիս, որ հայ երիտասարդների մեծ մասն իր ծառայությունը անցկացնի հանրապետությունում, միաժամանակ ապահովելով, որ ցանկացողներն այլ վայրերում ծառայեն։ «Մենք լիտվացիների նման չարեցինք,– ասում է նա։ –Մենք փորձում ենք խուսափել ոչ անհրաժեշտ առճակատումներից։ Մեր քաղաքականությունը ավելի ճկուն է։ Միակ դասը, որ կարելի է քաղել Լիտվայի դեպքերից այն է, որ քաղաքականությունը պետք է ավելի ճկուն լինի», շարունակում է նա, ակնարկելով այդ հանրապետությունում որպես պրեզիդենտական հանձնախմբի անդամ իր կատարած միջնորդի դերը։ Բնութագրական է, որ Տեր-Պետրոսյանն այդ հանձնախմբի անդամ էր նշանակվել անձամբ կապ հաստատելով Լիտվայի ու Կրեմլի պաշտոնատարների հետ, սակայն դա վերջում կարող է դիտվել որպես Գորբաչովի խաղաղարար մտահղացում։ «Գորբաչովի հետ տեսնվելուց հետո զգացի, որ վատթարագույնը ետեւում է մնացել», ասում է նա։ Ապա եզրակացնում, թե Գորբաչովը որոշել էր թույլ տալ, որ կոշտ ցենտրիստները հարվածեն Լիտվային, այնուհետեւ սակայն բավարար խելամտություն էր հանդես բերել նահանջ կատարելու։ Լ. Տեր-Պետրոսյանը ենթադրում է, որ առաջիկա աշնանը Գորբաչովն ինքը պիտի սկսի առավել իրատեսորեն ընդունել հանրապետությունների իշխանության դե ֆակտո աճը, եւ դերերը պիտի փոխվեն. հանրապետությունները պիտի սկսեն մտահոգվել կենտրոնական կառավարության կայունությամբ։ «Մենք տեսնում ենք, որ Խ. Միությունը այլեւս հուսալի երաշխիք չէ մեր ապագայի համար,– ասում է նա։ Այդ իսկ պատճառով պետք է սեփական երաշխիքներ ստեղծենք մեր գոյության համար»։

Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. հայերեն թարգմանությունը տե՛ս «Ազգ» օրաթերթ, 20.04.1991թ.։

Նախորդ հոդվածըԺապարով․ 2010-ի դեպքերը կարող էին խաթարել երկրի ամբողջականությունը
Հաջորդ հոդվածըATP-250. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ