«Բարսելոնայի» 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը դարձյալ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ձմռանը «Բարսելոնա» վերադառնալուց հետո Դանի Ալվեսն արդեն երրորդ անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքականի խաղերին։
Հունիսին Բրազիլիայի թիմը կմեկնի մրցաշրջագայության Ասիա։ Հունիսի 2-ին Սեուլում բրազիլացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հարավային Կորեայի, հունիսի 6-ին Տոկիոյում՝ Ճապոնիայի հավաքականի հետ։
Դանի Ալվեսը մասնակցել էր նաեւ Բրազիլիայի հավաքականի նախորդ երկու ընտրական հանդիպումներին։ Բրազիլացիները նվաճել են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ G խմբում նրանց մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։