‘
Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և Օրինաց երկիրը, շարունակելու են բոյկոտել արտահերթ նստաշրջանը, քանի դեռ Ազգային ժողովը հանդես չի եկել վերջին շրջանում քաղաքական և հասարարական գործիչների, մասնավորապես, պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնության դեպքերը դատապարտող հայտարարությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը չորս ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ բացի այդ նախաձեռնությունից, վաղը Հայաստանի ֆինանսական վիճակի, դրամի փոխարժեքի հետ կապված արտահերթ նիստ են նախաձեռնելու:
«Վերջին շրջանում տիրող բացահայտ բեսպրեդելից հետո իշխանությունները փորձում են ներկայացնել, որ այս ամենը ձեռնտու չէ իշխանություններին և իբր դա չէր կարող իշխանությունը կազմակերպած լիներ: Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին մասնակցել արտահերթ նիստին և ներկայացնել իրենց տեսակետները: Եթե չեն գալիս և հրապարակային քննարկման մեջ չեն մտնում, ապա դա վկայում է այն մասին, որ նրանց բոլոր հայտարարությունները մերկապարանոց են»,- լրագրողներ հետ չորս ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ քաղաքական ուժերը պատրաստ են եղել արտահերթ նիստին հրավիրել նաեւ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին, որպեսզի նա վկայակոչեր այն օրենքը, որով իրեն իրավունք էր վերապահել բռնության դրդող հայտարարություն անել:
Իր հերթին, Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ առանձնացնում է հատկապես պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնության դեպքը, քանի որ դա Հայաստանի անկախ պատմության մեջ աննախադեպ միջադեպ է: Ջհանգիրյանը նշեց այս գործում ոստիկանության ակնհայտ ոչ ադեկտվատ գործողությունները: Մասնավորապես, նա ասաց, որ որոշ հանգամանքների բերումով, ծանոթացել է այն տեսագրությանը, որը որ նկարել է Արամ Մանուկյանի դեմ հարձակման պահը և այդ տեսագրությունում երևում է, որ հանցագործը մտել է Արամ Մանուկյանի շենքի շքամուտք, վայրկյաններ անց Արամ Մանուկյանն է մտել շքամուտք և բավական ուժեղ հարված է ստացել: Ջհանգիրյանի խոսքով՝ տեսանյութից հետևում է, որ հանցագործը միայնակ չի եղել, առնվազն համակարգել են Արամ Մանուկյանի տեղաշարժը: Բացի դրանից, Ջհանգիրյանը նշեց, որ գործը՝ Քրեական օրենսգրքի 117 հոդվածով որակելը շատ սխալ էր և չի դիմանում որևէ քննադատության: Ներկայումս ընթանում է դատաբժշկական փորձաքննություն, որը կարող է տևել մեկ կամ մի քանի ամիս, բայց ըստ Ջհանգիրյանի, այս պահին առկա դատաբժշկական տվյալներն էլ բավարար են, որպեսզի արարքը համապատասխան ձևով որակվեր և կասկածյալի նկատմամբ համապատասխան խափանման միջոց ընդունվեր:
Մասնավորապես, Արամ Մանուկյանի վնասվածքի տոմոգրաֆիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ նրան, առնվազն, միջին կարգի վնասվածք է հասցվել, իսկ դա որակվում է ՔՕ 113 հոդվածով: Իսկ եթե հայտնաբերվի, որ արարքը կատարվել է խուլիգանական շարժառիթներով, ապա այդ դեպքում գործը պետք է որակվեր Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասով, ինչը մինչև 3 տարի ազատազրկում է սահմանում:
Ջհանգիրյանը նշեց, որ Ազգային ժողովը արդեն չափազանց ուշացրել է գնահատականը, որովհետեւ, բացի Արամ Մանուկյանից, հարձակման են ենթարկվել նաեւ ազատամարտիկները, որոնք, պատգամավորի խոսքով, հասարակության ամենապաշտպանված, ամենագուրգուրված խավը պետք է լինեին:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ անդրադարձավ Ազգային ժողովի նախագահի այն հայտարարությանը, թե իբր խորհրդարանը իրավասու չէ փոխոստիկանապետի հրաժարականը պահանջել: Հակոբյանի խոսքով՝ Ազգայի ժողովը որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին բոլոր իրավասություններն ունի գործադիր մարմնից այդ հրաժարականը պահանջի: «Ցավում եմ, որ ԱԺ ղեկավարությունը իր լիազորությունների մասին թերի պատկերացում ունի», — նշեց պատգամավորը:
‘