‘4 տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել են կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ կտրվածքով’

783

2014 թվականի բյուջեի նախագծի համաձայն, կրթության ոլորտի ծախսերը կազմում են շուրջ 122.1 մլրդ դրամ: Ինչպես հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 2013 թվականի համանման ցուցանիշի համեմատ ծախսերն ավելացել են 13 տոկոսով: Դա պայմանավորված է աշխատավարձերի գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև գազի և էլկետրաէներգիայի սակագների բարձրացմամբ: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսից ուսուցիչների աշխատավարձը կկազմի 152 հազար դրամ:

Միևնույն ժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 4 տարիներին կրթության համար բյուջեի ծախսերը կավելանան նաև ՀՆԱ կտրվածքով: Այսպես, 2014 թվականին դրանք կկազմեն ՀՆԱ 2.59 տոկոսը, մինչդեռ 2013 թվականին դրանք կազմել են ՀՆԱ 2.38 տոկոսը: 2014 թվականին իրագործվելիք ծրագրերից Աշոտյանը նշել է դպրոցական սննդի ծրագիրը, որում կընդգրկվեն տարրական դասարանների աշակերտները: Սոցիալական ծրագրերից է նաև «Փարոս» համակարգում ներառված անապահով ընտանիքների ուսանողներին լրացուցիչ միջոցների հատկացումը. այս տարվա բյուջեով հատկացվել է 90 մլն դրամ, հաջորդ տարի այդ թիվը կավելանա մինչև 400 մլն դրամ: Ավելանում է նաև այն միջոցների ծավալը, որոնք կհատկացվեն դպրոցական դասագրքերի և մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար:

Ավելացնենք, որ 2014 թվականին գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 12.7 մլրդ դրամ:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այն բանի համար, որ Լուկաշենկոն դասեր է տալիս Հայաստանին, մեղավոր է բացառապես Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘Սպորտի նախարարը` իր որդու մասին. Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա ‘