40-ից ավելի զոհ Բանգլադեշում

120

Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի մոտ գտնվող կոնտեյներների պահեստում հրդեհ է բռնկվել, ապա հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, հարյուրից ավելին վիրավորվել են։

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրի վրա, մոտակա շենքի ապակիները կոտրվել են, իսկ պայթյունից հետո, ականատեսների վկայությամբ, իսկական հրե անձրև է տեղացել։

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն իշխանությունները ենթադրում են, որ կոնտեյներներից մի քանիսում, հնարավոր է, հրկիզվող քիմիկատներ են պահվել։

Վտանգավոր քիմիական նյութերի արտահոսքը դեպի ծով թույլ չտալու համար գործի է դրվել բանակը։

Հրդեհի պահին պահեստում մոտավորապես 4 հազար կոնտեյներ է եղել։ Տեղական իշխանությունների խոսքով՝ կոնտեյներներում հիմնականում միլիոնավոր դոլարների հագուստ է եղել, որը նախատեսված էր արտահանելու արևմտյան երկրներ։ Վերջին տարիներին Բանգլադեշը դարձել է հագուստի՝ աշխարհում երկրորդ խոշոր արտահանողը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇոտլանդիա — Հայաստան հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըԿիևը նորից գնդակոծվել է