44-օրյա աղետի Արցախյան պատասխանատուները․ Ալիք Մեդիա

2904

44-օրյա աղետի Արցախյան պատասխանատուներից ամենաագրեսիվը Սամվել Բաբայանն է: Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրապարակավ հրաժարվելուց հետո Բաբայանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել` մեր պարտության մեջ մեղադրելով նախկին իշխանություններին եւ կոնկրետ մարդկանց:

Սա այն դեպքում, երբ պատերազմի օրերին եւ դրանից առաջ մեկ տարի Բաբայանը եղել է Արցախում թիվ երկու դեմքը եւ ի պաշտոնե պատասխանատու է մեր պարտության համար:

1998-ին, լինելով Արցախի պաշտպանության նախարար, նա Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ իրականացրել է ռազմական հեղաշրջում Հայաստանում եւ արցախյան հարցում պարտվողականության մեղադրանքով իշխանությունից հեռացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Սամվել Բաբայանը եղել է 8000 քմ տարածքով անկախ Արցախի ջատագովը, եւ հենց նա է փաստաթղթավորել եւ քարտեզներով հիմնավորել ՀՀՇ-ական ղեկավարությանը, որ դա հնարավոր եւ իրատեսական լուծում է:

Պատմության հեգնանքով 44-օրյա պատերազմի օրերին մենք կորցրինք 8000 քմ տարածք:

Արցախյան առաջին պատերազմից (1991-1994) հետո ձեւավորվեց նարատիվ, թե Հայաստանի այն օրվա իշխանությունները կապ չունեն հաղթանակների հետ:

Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՅԴ-ական ու այլ շրջանակներ ակտիվորեն տարածում էին, թե հաղթանակները եղել են ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ական պարտվողական շրջանակների: Քոչարյանի ինքնակենսագրական գրքում այդ կեղծիքը հիմնավորող բազմաթիվ դրվագներ կան:

Այսօր՝ Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո, ձեւավորվում է նոր նարատիվ, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունները պարտության եւ աղետի մեղավորները չեն:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը հենց այդ նպատակով է ստեղծվում եւ ամեն ինչ անելու է մեղքի ու պատասխանատվության բաժինը այլոց վրա դնելու համար:

Այսպիսով, ըստ առաջին նարատիվի, Արցախյան առաջին պատերազմում հաղթել են Արցախի օրվա իշխանությունն ու Հայաստանի ընդդիմությունը: Ըստ երկրորդ նարատիվի՝ 44-օրյա աղետի մեղավորները Հայաստանի եւ հատկապես Արցախի օրվա ղեկավարները չեն:

Իրականում պատերազմները հաղթում են պետություններն ու օրվա իշխանությունները, եւ պարտվում են պետություններն ու օրվա իշխանությունները:

Ո՛չ հայաստանյան, ո՛չ սփյուռքյան եւ առավել եւս արցախյան լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում չի խոսվում 44-օրյա աղետի Արցախի պատասխանատուների մասին:

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահն է եւ նույնչափ պատասխանատու ու մեղավոր է 44-օրյա աղետի, մարդկային ու տարածքային կորուստների, մանկամիտ ու անպատասխանատու մաքսիմալիզմի համար, որքան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս աղետալի պատերազմում մեղքի ու պատասխանատվության բաժին ունի Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն Արցախի բոլոր չորս նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը:

Արկադի Ղուկասյանը, որ 1993-1997 թվականներին ներգրավված էր բանակցային գործընթացում եւ գլխավորում էր Արցախյան կողմը, ներսից տեղյակ էր քննարկվող փաստաթղթերին եւ մանրամասներին: 1998-ի ռազմական հեղաշրջման օրերին եւ հետագայում նա հրապարակավ մեղադրում էր Տեր-Պետրոսյանին պարտվողական քաղաքականության եւ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու Հայաստանի ղեկավարության մտադրությունների համար:

Մեկ տարի անց՝ 1998-ի նոյեմբերին, նա իր համաձայնությունը տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած «Ընդհանուր պետություն» փաթեթին, որի առաջին իսկ կետում հստակ ասվում էր, որ Արցախը ԼՂԻՄ-ի սահմաններով Ադրբեջանի հետ կազմում է ընդհանուր պետություն՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այդ առաջարկով Արցախի քաղաքացիներն ունենալու էին Ադրբեջանի անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով:

Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը ոչմիթիզականության ջատագովներից էր եւ 1993-ից ի վեր զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:

44-օրյա աղետի մեջ իր մեղքի ու պատասխանատվության բաժինն ունի նաեւ 1994-1997 թվականներին ղարաբաղյան բանակցային գործընթացում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վարդան Օսկանյանը, ով, փայլուն տիրապետելով հակամարտության մանրամասներին եւ լիովին համաձայն լինելով 1997-ի փուլային տարբերակի հետ, 1998-ի ռազմական հեղաշրջման օրերին միացավ Ռոբերտ Քոչարյանին, ապա, դառնալով արտգործնախարար, Քոչարյանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրեց մաքսիմալիզմը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս մեղավոր ու պատասխանատու են այս աղետի համար:

Այսօր, հետին թվով, աղետի անմիջական մեղավորներն ու պատասխանատուները մեղավորներ ու պատասխանատուներ են փնտրում ամենուր: Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել կրելու դավաճանի պիտակը՝ հանուն Արցախյան հարցի արժանապատիվ կարգավորման: Սա այն դեպքում, երբ նրա կողմնակիցները դավաճանության, պարտվողականության, հայրենիքը բավարար չափով չսիրելու մեջ մեղադրում էին բոլոր նրանց, ովքեր խոսում էին արցախյան հակամարտությունը ժամ առաջ կարգավորելու, արժանապատիվ խաղաղություն գտնելու մասին:
Նույն կերպ, բայց ավելի անպատկառ ու ագրեսիվ էին տրամադրված Քոչարյանն ու նրա ազգայնական շրջապատը նրանց հանդեպ, ովքեր ահազանգում էին սպասվելիք աղետի անխուսափելիությունը:

Պատմությունը չի կարող գրվել ընտրողաբար:

Բոլորս ունենք մեր մեղքի ու պատասխանատվության բաժինը մի ամբողջ սերնդի մահվան դուռը տանելու՝ 4000-ից ավելի զոհերի, 10 հազարից ավելի խեղվածների, Հադրութի շրջանի ու Շուշիի կորստյան համար: Սերունդները չեն ներելու մեզ, բայց առաջին հերթին չեն ներելու աղետի մեղավորներին ու առաջին պատասխանատուներին:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըՏոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Դուդան հաղթեց Կարլսենին ու նվաճեց Հավակնորդների մրցաշարի ուղեգիր