‘
Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես եկավ կողմ բնապահպանության նախարարի` Արամ Հարությունյանի հրաժարականին: Հայտարարությանը միացան դաշինքի 48 անդամ, բացի` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանից և «Բուրգ» ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանից: Այս մասին հայտնում է Ecolur-ը:
Դաշինքի հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Էկոլոգիական հասարակական դաշինքը Խոսրովի արգելոցում որսագողության փաստի առընչությամբ, հայտնում է իր վրդովմունքն և զայրույթը բնապահպանության նախարարության անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ: Դեռ մեկ ամիս առաջ, բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանը մեր իսկ ներկայությամբ բանավոր հրաման տվեց թույլ չտալ այցելել արգելոցի տարածք ոչ մեկին, առանց իր անձնական թույտվության, սակայն չանցած մեկ ամիս մենք առընչվեցինք որսագողության այս հանցավոր դեպքին: Հաշվի առնելով վերը նշված փաստերը` Էկոլոգիական Հասարակական դաշինքը իր անվստահությունն է հայտնում բնապահպանության նախարար պարոն Ա.Հարությունյանին և պահանջում նրա հրաժարականը: Դաշինքը նաև ներկայացնում է իր մտահոգությունները և առաջարկները նոր բնապահպանության նախարարի ընտրության խնդրում:
Հաշվի առնելով Հայաստանում ներկա միտումը` կայացնել էկոլոգիապես կարևոր որոշումներ քաղաքական ճնշման տակ, Բնապահպանության նախարարության առաքելությունից բխող, այն պետք է լինի ինչ-որ տեղ ընդիմադիր այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը պետք է`
պահպանի շրջակա միջավայրը և բնական պաշարները, որոնք պատկանում են ժողովրդին,
կատարի վերահսկիչ գործառույթներ այն գործունեության նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ թույլ են տվել,
ներկայացնի որոշիչ փորձաքննություն այն նախագծերի նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ համաձայնություն են տվել,
իրականացի Օրհուսի կոնվենցիայի դրույթները, որով ապահովում է հանրության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացման հարցերում,
ՀՀ բնապահպանության նախարարը պետք է լինի անկուսակցական, ունենա մասնագիտական պատրաստվածություն և լինի փորձառու շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Բնապահպանության նախարարի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնեն հասարակական կարծիքը»:
‘