‘5 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

965

Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում ծանր հանդիպումներից հետո եվրոպական թիմերը իրենց ներքին առաջնություններում կանցկացնեն հերթական խաղերը` շատերը մտքում պահելով եվրոպական գավաթները:

«Բավարիա» — «Վերդեր»

Շաբաթ, ժամը 18:30

Մյունխենցիների փայլուն մարզավիճակը եվրոպական ֆուտբոլի սիրահարներին ստիպում է մտածել, որ այս պահին հենց նրանք են ՉԼ-ի հաղթողի գլխավոր հավակնորդը: Հայնկեսը տոներից հետո կարողացել է իր խաղացողների ֆիզիկական վիճակը է՛լ ավելի բարելավել, և եթե նրանք սովորական խաղային անկում չունեն, իրոք ունակ են տիտղոսների հեթ-տրիկ ձևակերպել այս մրցաշրջանում: Բավարիայի դարպասապահ Նոյերը «Արսենալի» դեմ խաղում, այս տարի սեփական դարպասը ընդունեց առաջին գնդակը. Իսկ «Բունդեսլիգայում» նա ընդամենը 7 գնդակ է ընդունել սեփական դարպասը: Քանի որ շաբաթվա ընթացքում Հայնկեսի սաներին գավաթային հանդիպում է սպասվում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, նա կարող է հանգստանալու հնարավորություն տալ հիմնական առաջատարներին, ինչը հույս է ներշնչում, որ հերթական ջախջախումը տեղի չի  ունենա:

«Բարսելոնա» — «Սևիլյա»

Կիրակի, ժամը 01:00

Միլանում տեղի ունեցածից հետո ամբողջ աշխարհը կենտրոնացած է Բարսայի ապագա հանդիպումների վրա, որոնցից հետո պետք է պատկերացում կազմել՝ արդյո՞ք Բարսան կարող է շրջել «Միլանի» հետ դիմակայության ընթացքը պատասխան խաղում, թե՞ ոչ: Ունաի Էմերիի թիմի դեմ խաղից հետո Բարսային սպասվում են 2 «սուպերկլասիկոներ» «Ռեալ Մադրիդի» դեմ, և հենց այդ պատճառով Ռոուրան, հնարավոր է, մեկնարկային կազմ դուրս բերի Սանչեսին և Վիլյային: Ամեն դեպքում Էմերին թե՛ «Ալմերիայում», թե՛ «Վալենսիայում», թե՛ «Սպարտակում» կարողացել է որոշ առումով հակախաղ գտնել Բարսային, ինչը կփորձի անել նաև այսօր կեսգիշերն անց: Իսկ կատալոնցիների համար «Միլանից» կրած պարտությունը մրցաշրջանի ճիշտ պահին էր, երբ դեռ ամեն ինչ կորցրած չէ, և կարելի է վերադասավորելով ուժերը՝ փորձել դուրս գալ գավաթի եզրափակիչ և ՉԼ-ի 1/4-րդ:

ՊՍԺ — «Օլիմպիկ Մարսել»

Կիրակի, ժամը 23:59

Ֆրանսիական «կլասիկո», որը ՊՍԺ-ի՝ «Սոշոյից» կրած պարտությունից հետո կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Բոպի տղաները կարող են փորձել օգտվել փարիզցիների հագեցված խաղացանկից և հաղթանակի դեպքում նրանց հանդեպ միավորների տարբերությունը դարձնել — 2-ի, ինչը էլ ավելի կսրի պայքարը չեմպիոնի տիտղոսի համար: Հանդիպումը հետաքրքիր է նաև նրանով, որ Դևիդ Բեքհեմն իր առաջին հանդիպումը կանցկացնի փարիզցիների կազմում:

«Մանչեստեր Սիթի» — «Չելսի»

Կիրակի, ժամը 17:30

«Պրեմիեր լիգայի» 2-րդ և 3-րդ տեղերի միջև հանդիպում, որտեղ երկու թիմերի երկրպագուները կարող են ձախողված համարել այս մրցաշրջանը: Մանչինիի և Բենիտեսի սաները «Յունայթեդին» հասնելու իրական հնարավորություն կստանան միայն, եթե հենց Վան Պերսին և իր խաղընկերները դա թույլ տան: Թիմերը մոտ են իրար ոչ միայն մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղերով, այլև մարզիչներով, քանի որ մրցաշրջանի ավարտին երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, նոր մասնագետներ կհրավիրեն:

«Ինտեր» — «Միլան»

Կիրակի, ժամը 23:45

Եվրոպական ֆուտբոլային շաբաթվա ավարտի կենտրոնական հանդիպումը, միլանյան դերբին է: Ստրամաչիոնի սաները Յուվեի գլխավոր մրցակցից այժմ վերածվել են ՉԼ-ի գոտու համար պայքարող թիմերից մեկը, իսկ Ալեգրիի տղաները փայլուն երկրորդ շրջան են անցկացնում «Սերիա Ա»-ում՝ հիմնականում նախկին «ներաաձուրի» Բալոտելիի շնորհիվ: Ներքին առաջնությունում հյուրերը շատ մոտ են, իրենց գլխավոր նպատակին՝ ՉԼ որակավորվելուն, որը մրցաշրջանի սկզբում կարող էր երազանք թվալ: Ինչ վերաբերում է ՉԼ-ի այս խաղարկությանը, ապա Բարսայի նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակից հետո, շատերը սկսեցին հիշել Իբրահիմովիչի հետ կապված այն «պայմանը», երբ ՉԼ-ն նվաճում է այն թիմը, որտեղից հեռացել է շվեդ աստղը:

Նախորդ հոդվածը‘«Հյուրիեթ». Թուրքիան Հայաստանին առաջարկել է մասնակցել տարածաշրջանային նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հանրահավաքի պատճառով փակել է Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհները’