‘5 պատճառ, թե ինչու պետք է Մոուրինյոն շարունակի աշխատել , և 5 պատճառ, թե ինչու պետք է հեռացվի’

834

Վերջին շրջանում «սերուցքայիններ»-ի անհաջող ելույթներից հետո շատ է խոսվում այն մասին, որ Մոուրինյոն պետք է հրաժարական տա, կամ նրան Ֆլորենտինո Պերեսը պետք է պաշտոնանկ անի գլխավոր մարզչի պաշտոնից: Չնայած առաջնությունում Բարսային 16, իսկ «Ատլետիկո»-ին 7 միավոր զիջելուն՝ շատերը, միևնույն է, կարծում են, որ պորտուգալացին լավագույն մասնագետն է մադրիդցիների համար և պետք է շարունակի գլխավորել քայքավող թիմը:

Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, թե ինչու պետք է Մոուրինյոն շարունակի աշխատել, և 5 պատճառ, թե ինչու պետք է հեռացվի:

Ինչո՞ւ պետք է շարունակի աշխատել Մադրիդի «Ռեալ»-ում:

5. Մրցաշրջանները դեկտեմբերին չեն ավարտվում:

Չնայած նրան, որ առաջնությունում, իրոք, անհնար է որևէ կերպ պայքարել չեմպիոնի տիտղոսի համար, դեռևս կան ՉԼ-ն և Արքայական գավաթի խաղարկությունում հաղթելու հնարավորություններ: ՉԼ-ում նրանց մրցակից «Մանչեստեր Յունայթեդ»-ն է, որի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Մոույի ամենասիրելի մրցակիցներից մեկն է, իսկ Իսպանիայի գավաթում «Սելտա»-ին վստահ կարելի է հաղթել 1-0 հաշվով: Ինչպես Գուտին է ասում՝ «Եթե Մոուն հաղթի ՉԼ-ում և Կոպա դել Ռեյում, պաշտոնանկության փոխարեն նրան կսկսեն պաշտել»:

4. Նրանք վերջապես սովորել են խաղալ Բարսայի դեմ:

2008-ին «Սանտիագո Բեռնաբեու»-ում Ռայկարդի Բարսային 4-1 հաղթելուց հետո 2012-ին «Ռեալ»-ը առաջին ագնամ կարողացավ ոչ միայն հաղթել, հաղթել էր նաև 2011-ին գավաթի եզրափակչում, այլև արժանի հակախաղ գտնել Բարսայի «տիկի-տակա»-ի դեմ «ավտոբուս» չկիրառելով: Մոուրինյոն այլևս Բարսայի դեմ խաղադաշտ դուրս չի գալիս 3 հենակետային կիսապաշտպաններով, ովքեր պետք է ուղղակի ջարդեին կատալոնցիներին: Մադրիդցիները այս տարվա ընթացքում հաղթեցին «Կամպ Նոու»-ում և, ճիշտ է, Վալդեսի նվերի շնորհիվ, բայց հաղթեցին նաև Իսպանիայի սուպերգավաթում:

3. Ժոզեն մեղավոր չէ բազմաթիվ վնասվածքների համար:

Պորտուգալացուն կարելի է մեղադրել շատ բաներում, և դեռ կմեղադրենք, բայց դժվար է նրան մեղադրել Մարսելոյի, Կոենտրաոյի կամ Խեդիրայի վնասվածքների համար: Ժոզեն միշտ էլ ապացուցել է, որ այն ֆուտբոլիստներից, ովքեր լավ մարզավիճակում են գտնվում, կարողանում է քամել առավելագույնը:

2. Իսկ ո՞վ նրան կփոխարինի:

Բենիտե՞սը, ով շուտով կհեռացվի «Չելսի»-ից, Անչելոտի՞ն, ով ՊՍԺ-ից է դժվարությամբ գլուխ հանում, իսկ միգուցե Ֆլորենտինոն մարզչի պաշտոնը կվստահի մադրիդիստ Միչելի՞ն, քիչ հավանական է թվում: Կան, իհարկե, հետաքրքիր տարբերակներ՝ ի դեմս Վենգերի, Կլոպի կամ Յոակիմ Լյովի, բայց այս մարզիչները դեռևս աշխատանք ունեն, և վստահ կարելի է ասել, որ հապշտապ որոշումներ չեն կայացնի:

1.Մոուիրինյոն դեմ չէ հարստանալ 20 մլն €-ով:

Թե՛ կատալոնական, թե՛ մայրաքաղաքային մամուլում պնդում են, որ Մոուրինյոն, զգալով, որ այլևս ոչինչ փոխել չի կարելի, ինքն է ցանկանում, որպեսզի իրեն հեռացնեն մարզչի պաշտոնից: Դրա գլխավոր պատճառը այն գումարն է, որը «Ռեալ»-ը ստիպված կլինի վճարել՝ «յուրահատուկ»-ին պաշտոնանկ անելու դեպքում. 20 մլն €:

Ինչո՞ւ պետք է հեռացվի մարզչի պաշտոնից:

5. Հանդերձարանում քաոսային իրավիճակ է:

Շատ է խոսվել հանդերձարանում տարբեր «կլաններ»-ի առկայության մասին: Մոուրինյոն այս տարի հասցրել է բախվել Կարվալյոյի, Կակայի, Ռամոսի և Կասիլսյասի հետ: Կասիլյասին «Մալագա»-ի դեմ թողնելով պահեստայինների նստարանին՝ նա, կարծես թե, հաստատեց այս բոլոր խոսակցությունները:

 4. 16 միավորը չափազանց մեծ տարբերություն է:

Ինչքան էլ որ մրցաշրջանը դեկտեմբերին չի ավարտվում, բայց այսպիսի կազմ ունենալով՝ Բարսայից հետ մնալ 16 միավորով՝ նույնպես անթույլատրելի է: Չնայած՝ նույնիսկ 16 միավորը չի արտացոլում այն հսկա խաղամակարդակի տարբերությունը, որը այժմ կա թիմերի միջև:

3. Կանտերայի անտեսումը:

Ինչքան էլ որ մարզիչը պնդի ռեկորդային թվով «կանտերանոներ»-ի խաղալու հնարավորություն ընձեռելու մասին, միևնույն է, Ժոզեն մնում է այնպիսի մարզիչ, ով դեռևս ոչ մի երիտասարդի չի կարողացել աստղ դարձնել: Մոուն նաև բացահայտ բախվել է «Կաստիլյա»-ի մարզչի հետ՝ մեղադրելով Տորիլին նրանում, որ իրենց նույն խաղային սխեմայով չի խաղում:

2. Ձախողված տրանսֆերային քաղաքականություն:

Անցյալ մրցաշրջանի սկզբին Մոուն Պերեսից պահանջեց հեռացնել ակումբի սպորտային տնօրեն Վալդանոյին, որից հետո ինքը սկսեց զբաղվել տրանսֆերներով: Մոդրիչի 40 €-ով ձեռքբերումը գումարվեց Ալտինտոպի, Շահինի և Կոենտրաոյի ձախողված տրանսֆերներին: Իրականում Մոդրիչին կարելի է համարել աշխարհի լավագույն կառուցողներից մեկը, բայց ինչ կարիք կա ստորագրել նման մտածող տեսակի խաղացողի, երբ թիմը շարունակում է խաղալ հակագրոհների «գցիր-վազիր» սկզբունքով, որտեղ խաղային միտք անհրաժեշտ չէ:

1. Մադրիդիստների դժգոհությունը:

«Սանտիագո Բեռնաբեու»-ն սուլում է, իսկ նրա սահմաններց դուրս՝ այլևս բոլորը չեն, որ ընդունում են պորտուգալացու «միակ»-ը լինելու իմիջը: Նրանցից շատերը սկսել են ընդունել, որ Ժոզեն իր վարքագծով սկսել է վնասել «Ռեալ Մադրիդ»-ի մաքուր իմիջին: Դրան է նպաստում նաև այն, որ Ժոզեն ցանկացած անհաջողությունից հետո պատրաստ է մեղավորներ փնտրել ակումբից ցանկացածի մեջ, բացի իրենից:

Նախորդ հոդվածը‘6 մարդ է տուժել Մակեդոնիայի խորհրդարանում տեղի ուենցած ծեծկռտուքի հետևանքով ‘
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բաց է’