‘5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը 32 անգամ եղել է Մոսկվայում. 33-րդ այցը սարերի ետևում չէ’

1099

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության վա­րած վիճակագրության՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

«ՀԺ»-ն գրում է, որ եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բո­լոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան ու Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը: Ակնհայտ է, որ իր պաշտոնավարության 5.5 տարի­ների ընթացքում Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնել է՝ կարծես աշխատանքի: Երևի այդ հաճախակա­նությամբ նույնիսկ Ռուսաստանի գուբերնատորները չեն լինում Ռուսաստանի մայրաքաղաքում: Այս ֆոնին պետք է բնական համարել, որ ՌԴ նախագա­հի խորհրդական Սերգեյ Գլազևը, օրեր առաջ խոսե­լով այն մասին, որ Հայաստանը և Ռուսաստանը չու­նեն ընդհանուր սահմաններ, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային միությանը, Հայաստանը նույնացրել էր ՌԴ մարզերից մեկի՝ Կալինինգրադի հետ. հիմնավորելու համար, թե ընդհա­նուր սահման չունենալը պրոբլեմ չէ:

Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա։ Բայց ոչ թե Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ՝ մի փոքր ավելի բարի նպատակով, նա պետք է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը։ Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ Սերժ Սարգսյանի «ասուլիսից». Մամուլ’