‘5 հանդիպումներ, որոնք արժե դիտել ‘

1049

iLur.am-ը, ինչպես միշտ, ձեզ է ներկայացնում շաբաթ և կիրակի օրերին եվրոպական թոպ առաջնություններում կայանալիք ուշագրավ հանդիպումների անոնսը:

«Օսասունա» — «Ռեալ Մադրիդ»

Շաբաթ, ժամը 23:00

«Մեր մտքով անգամ չի անցնում այս տարի ՉԼ-ում չհաղթելը».  սրանք Իգուաինի խոսքերն են, ով նոր է ապաքինվել վնասվածքից և կմասնակցի այսօրվա խաղին: Լավ, Գոնսալո, բայց միգուցե ավելի ճիշտ կլիներ մտածել հաջորդ տարվա ՉԼ-ին ընդամենը մասնակցելո՞ւ մասին: Սա, իհարկե, որպես կատակ, բայց ինչպես հայտնի է, գրեթե ամեն կատակում կա մի փոքր…  կատակ: Այժմ «սերուցքայիններ»-ը ավելի մոտ են ՉԼ որակավորվելու համար տեղը կորցնելուն, քան չեմպիոնի տիտղոսին հավակնելուն:

Մադրիդցիների երկրպագուները անակնկալ կերպով էյֆորիայի մեջ են հայտնվել Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Սելտա»-ին 4-0 հաղթելուց հետո, որտեղ իրականում, բացի տոներից հետո փայլուն մարզավիճակում գտնվող Ռոնալդուից՝ ոչ ոք աչքի չընկավ: Հենց նույն Ռոնալդուն խաղից հետո հայտարարեց, որ «Բավական է արդեն նման մթնոլորտում խալալ, ժամանակն է սթափվել և համախմբվել»: Պամպլոնան հիանալի վայր է թվում դա անելու համար: «Օսասունա»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը և երևի թե «Մալյորկա»-ի հետ մեկտեղ վատագույն ֆուտբոլն է ցուցադրում ամբողջ «Լա լիգա»-ում: Մադրիդցիների հաղթանակի համար ամենամեծ բարդությունը կկայանա նրանում, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը ստիպված կլինի դա անել առանց Ռոնալդուի, ով բաց է թողնելու հանդիպումը որապազրկման պատճառով:

«Պարմա» — «Յուվենտուս»

Կիրակի, ժամը 18:00

«Սերիա Ա»-ում սկսվում է երկրորդ կեսը, և չնայած տարբեր տեսակի անակնկաների՝ շատ բարդ է թվում, թե որևէ մեկը կկարողանա խլել «Սկուդետտո»-ն Կոնտեի սաների ձեռքից: Անտոնիոն զայրացած էր Սամպայից կրած պարտությունից հետո և չորեքշաբթի կարողացավ իր խաղացողներին ճիշտ տրամադրել «Միլան»-ի դեմ գավաթային խաղին: Ծանր հաղթանակից հետո Պիրլոյի և իր խաղընկերների համար շատ կարևոր է հաղթանակ տանել Բուֆֆոնի և Ջիովինկոյի նախկին թիմի նկատմամբ: Թուրինցիները շարունակում են տառապել բարձրակարգ հարձակվող չունենալու պատճառով և ամեն կերպ փորձում են մինչ մրցաշրջանի ավարտը պայմանագիր ստորագրել Դրոգբայի հետ: Ինչ մնում է Դոնադոնիի սաներին, ապա նրանք բավականին լավ մրցաշրջան են անցկացնում և հավակնում են որակովորվել «Եվրոպայի լիգա»:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»

Կիրակի, ժամը 17:30 

Սըր Ալեոս Ֆերգյուսոնի «Յունայթեդ»-ից 20-ից ավելի տարիներ պահանջվեցին, որպեսզի նրանք կարողանան տիտղոսների քանակով գերազանցել լիվերպուլցիներին: Եվ չնայած մի քանի մրցաշրջանները երկու թիմերի միջև ահռելի որակական տարբերություն ստեղծեցին ` այս դիմակայությունը մնում է ամենասպասվածներից մեկն ամբողջ Բրիտանիայում: Ռոջերսի տղաները վատ մարզավիճակում չեն և կարող են հույսեր փայփայել՝ Մանչեստերից միավոր տանելու հետ կապված: Դրան մեծապես նպաստում է Ռունիի բացակայությունը, ով ծնկի հետ կապված  խնդիրներ ունի և բաց կթողնի հանդիպումը: Հետաքրքիր կլինի հետևել Ստարիջին, որն իր առաջին խաղն է անցկացնելու «Լիվերպուլ»-ի կազմում և իհարկե Էվրա – Սուարես ձեռքսեղմանն ու պայքարին:

«Արսենալ» — «Մանչեստեր Սիթի»

Կիրակի, ժամը 20:00

Չնայած Վենգերին չհաջողեց ուժեղացնել թիմի կազմը ձմռան ընթացքում, բայց ֆրանսիացի մասնագետին մեծ գումարներ են խոստացել տրամադրել նրա՝ ակումբում մնալու դեպքում: Եթե ամեն ինչ այդպես լինի, Վենգերը ստիպված չի լինի իր առաջատարներին վաճառել «Սիթի»-ի արաբ շեյխերին և ավելի մարտունակ թիմ կունենա: Իսկ մինչ այդ թիմերը կհանդիպեն «Էմիրեյթս»-ում, որտեղ Մանչինիի սաները վերջին 5 հանդիպումներում գոլի հեղինակ չեն դարձել, ինչն այս անգամ էլ շատ բարդ կլինի անել: Տուրեն մեկնել է հայրենիք, որպեսզի մասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին, Ագերոն, Ռիչարդսն ու Նասրին էլ վնասվածքներ ունեն: Հնարավոր է՝ հենց այս խնդիրներից ելնելով՝ Մանչինին երեկ հերքեց այն ինֆորմացիան, որ Բալոտելլին լքելու է Մանչեստերը:

«Մալագա» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:59

«Լա լիգա»-ի առաջին շրջանն ավարտվում է, իսկ Բարսան դեռևս պարտություն չի կրել և խաղացել է ընդամենը մեկ ոչ-ոքի: Լավ առիթ է միավորներ կորցնելու համար: «Մալագա»-ն մրցաշրջանի ընթացքում միայն ավելացնում է և պատրաստ է Բարսայի համար այնպիսի խնդիրներ ստեղծել, ինչպիսիք ստեղծեց Մադրիդի «Ռեալ»-ի համար: Ինչ վերաբերում է կատալոնցիներին, ապա նրանց մոտ խաղային խնդիրներ գրեթե չկան, և հինգշաբթի նրանք հերթական ներկայացումը ցույց տվեցին, նույնիսկ՝ առանց Չավիի, Մեսսիի և Ինյեստայի, ոմանց Վիլանովան հանգստանալու հնարավորություն էր տվել՝ հենց այս խաղին ավելի թարմ ներկայանալու համար: Բարսայի գլխավոր մարզիչն այսօր պետք է Կատալոնիա վերադառնա Նյու Յորքից, ու մեկնել էր իր ուռուցքի հետ կապված՝ խորհրդակցելու համար:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար. Շատ կարևոր է, որ ժողովուրդը օգտվի իր ընտրելու իրավունքից և գնա ընտրության։’