’50 մլն այստեղ, 50 մլն այնտեղ. Բյուջեի փողերն աննպատակ ծախսվում են. Մամուլ’

958

ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն այս տարվա ընթացքում 50 մլն 146 հազար դրամ կամ մոտ 123 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել 2013թ. ընթացքում փախստականների մասին տեղեկությունների մշակման ու տեղեկատվության փոխանակման համար։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ գումարը տրվել է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը պետք է փախստականների մասին համապատասխան տեղեկատվություն հավաքագրի, մշակի, մուտքագրի և այսպես շարունակ։ Այն, որ նման ծրագրերի միջոցով հիմնականում տեղի է ունենում գումարների լվացում, հայտնի է շատերին։

Թերթը հավելում է. «Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, միգրացիոն ծառայությունը մոտ 14 մլն դրամ էլ հատկացրել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին՝ փախստականների ընտանիքներով բնակեցված կացարաններում սպասարկման աշխատանքների իրականացման համար։ Այսինքն՝ փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար մոտ 3.5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան փախստականների կարիքները հոգալու համար։ Իսկապես որ զավեշտ է» ։

Հիշեցնենք, որ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի ընկերը՝ Գրողների միության նախագահի թեկնածու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում’