‘6 հանդիպումներ, որոնցում Բարսան չի հաղթել’

615

Շաբաթ երեկոյան Տիտո Վիլանովայի թիմը «Պրիմերա»-ում «Ռեալ Սոսիեդադ»-ից կրեց իր առաջին պարտությունը: Վերհիշենք Տիտոյի սաների այս մրցաշրջանի բոլոր այն հանդիպումները, որոնցում նրանք չեն հաղթել:

«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»՝ 1-2

Օգոստոսի 29, Իսպանիայի սուպերգավաթ

Կամպ Նոում տեղի ունեցած առաջին խաղում Բարսան ամեն կերպ գերազանցեց իր մրցակցին և կարող էր է՛լ ավելի շոշափելի դարձնել առավելությունը: Սակայն խաղի ավարտին մոտ Լեո Մեսսին չկարողացավ իրացնել 99 %-անոց գոլային պահը, որի պատասխան գրոհում Վալդեսը Դի Մարիային և ամբողջ «սերուցքայիններ»-ին մատուցեց իր հերթական «նվերներ»-ից մեկը:

Արգենտինացու գոլը պատասխան խաղում մադրիդցիներին վերածեց ֆավորիտի, և նրանք անցկացրին վերջին 5 տարիներում իրենց լավագույն խաղը Բարսայի դեմ: Եթե ավելի մասնավորենք՝ խոսքը ոչ թե ամբողջ խաղի, այլ, առաջին հերթին, մեկնարկային 30 րոպեների մասին է, որի ժամանակ հաշիվը ուղղակի կարող էր լինել «սկանդալային»: Խաղի ընթացքը փոխեց Մեսսիի գոլը տուգանայինից, որից հետո առավելությունն անցավ 10 հոգով մնացած Բարսային: Ալբան, Մոնտոյան և Մեսսիին խաղավարտին շատ մոտ էին գոլ խփելու, բայց Կասիլյասը հերթական անգամ ընդգծեց իր և Վալդեսի խաղամակարդակի տարբերությունը:

«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»՝ 2-2

Հոկտեմբերի 7, «Լա Լիգա»-ի 7-րդ տուր

Առաջին միավորները այս մրցաշրջանում Բարսան կորցրեց նույնպես «Սուպերկլասիկո»-ում: Հանդիպումից առաջ Տիտոն կորցրեց իր հիմնական կենտրոնական պաշտպաններ Պույոլին և Պիկեին, ինչից հետո մարզիչը գնաց ծայրահեղ քայլի՝ պաշտպանության կենտրոնում մեկնարկային կազմ դուրս բերելով նոմինալ լատերալ Ադրիանոյին: Հանդիպումն անցավ հիմնականում հավասար պայքարում, բայց հենց Ադրիանոյի սխալից հետո, ով չկարողացավ արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, Ռոնալդուն հավասարեցրեց խաղի հաշիվը:

«Սելտիկ» — «Բարսելոնա»՝ 2-1

Նոյեմբերի 7, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ, 3-րդ տուր

Երևի թե Բարսայի համար ամենացավալի խաղն այս մրցաշրջանում: Եվ խնդիրը ոչ թե պարտությունն է, Բարսան, միևնույն է, ամեն դեպքում դուրս կգար «փլեյ օֆֆ», այլ այն, որ նրանք հերթական անգամ չկարողացան հաղթահարել բրիտանական արտադրության «ավտոբուս»-ը, ինչը հիշեցրեց անցյալ խաղաշրջանում Բարսայի տանջանքները «Չելսի»-ի դեմ խաղերում:

«Բարսելոնա» — «Բենֆիկա»՝ 0-0

Դեկտեմբերի 5, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ, 6-րդ տուր

Ապահավելով իր տեղը «փլեյ օֆֆ»-ում՝ Տիտոն փորձարարական կազմ դուրս բերեց պորտուգալացիների դեմ խաղում: Խաղի գլխավոր հետաքրքրությունը Բարսայի համար Լեո Մեսսիից սպասված գոլերն էին, որոնցից հետո արգենտինացին կկարողանար գերազանցել Մյուլլերի ռեկորդը: Լեոն մնաց պահեստայինների նստարանին, իսկ խաղադաշտ դուրս գալուց հետո ունեցավ այս խաղում Բարսայի միակ գոլային պահը: Բախվելով Արթուր Մորաեշի հետ՝ Մեսսին ընկավ խոտածածկին և այդպես էլ  ոտքի չկանգնեց: Խաղից հետո ամբողջ աշխարհը սպասում էր նորությունների Կատալոնիայից, քանի որ մտավախություն կար, որ Լեոյի ծունկը տեղաշարժվել է: Հաջորդ օրն իսկ պարզվեց, որ ամեն ինչ կարգին է, և  «Ոսկե գնդակ»-ի ապագա դափնեկիրը հաջորդ իսկ խաղում կարողացավ գերազանցել Մյուլլերի ռեկորդը:

«Բարսելոնա» — «Մալագա»՝ 2-2

Հունվարի 16, Իսպանիայի գավաթ, 1/4րդ եզրափակչի առաջին խաղ

Ընդամենը մի քանի օր առաջ Բարսան 0-3 հաշվով «Լա լիգա»-ի շրջանակներում հաղթել էր իր մրցակցին, և թվում էր, թե իր բոլոր խնդիրները կլուծի հենց առաջին խաղում: Բայց Տյագո Ալկանտարայի սխալից հետո հենց հյուրերը բացեցին հաշիվը, որից հետո միայն Բարսան, ուշքի գալով՝ կարողացավ հաշիվը դարձնել 2-1: Երկրորդ խաղակեսում, այս մրցաշրջանում՝ առաջին անգամ, Բարսայի գործողություններում հոգնածություն զգացվեց, ինչից էլ օգտվեցին 10 հոգով մնացած «Մալագա»-ի խաղացողները և հավասարեցրին խաղի հաշիվը:

«Ռեալ Սոսիեդադ» — «Բարսելոնա»՝ 3-2

Հունվարի 19,  «Լա Լիգա»-ի 20-րդ տուր

Շատ լավ մեկնարկելով հանդիպումը՝ Բարսան արագ կարողացավ հաշիվը դարձնել 2-0 և դեռ կարող էր մինչև ընդմիջում է՛լ ավելի մեծ առավելության հասնել, բայց ամեն ինչ փոխեց Չորի Կաստրոյի պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսում, ինչպես և «Մալագա»-ի դեմ խաղում, Բարսան խաղադաշտ դուրս եկավ քնկոտ, և զգացվում էր, որ դժվար թե հավելյալ ուժեր  կարողանա գտնել: Խերարդ Պիկեի 2-րդ դեղին քարտից հետո «Սոսիեդադ»-ը նախ հաշիվը հավասարեցրեց, իսկ խաղավարտին ավելացրած ժամանակի ընթացքում կարողացավ նաև հաղթանակ տանել:

Ցանկացած թիմ երկարատև մրցաշրջանի ընթացքում պարտադիր ունենում է խաղային անկում: Եթե վերհիշենք Գվարդիոլայի առաջին մրցաշրջանը, որը նվաճած գավաթների առումով ռեկորդային է մնում, այդտեղ ևս տեղի ունեցավ խաղային անկում փետրվար և մարտ ամիսներին: Կատալոնցիների համար այս մրցաշրջանում 7-րդ հանդիպումը, որում նրանք չեն կարողանա հաղթել, կարող է դառնալ հենց «Մալագա»-ի հետ կայանալիք գավաթային պատասխան խաղը: Տիտո Վիլանովայի սաները, ովքեր ՉԼ-ում և «Լա լիգա»-ում հաղթելու մեծ հավակնություններ ունեն, հնարավոր է՝ ուղղակի հրաժարվեն «Արքայական գավաթ»-ից՝ հաշվի առնելով այն, որ «Մալագա»-ին հաղթահարելու դեպքում նրանց, ամենայն հավանականությամբ, սպասվում է 2 ծանրագույն հանդիպում «Ռեալ Մադրիդ»-ի դեմ:

Ինչպես հաղորդում են կատալոնական մամուլում, Տիտոն հերթական անգամ՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, իր սաներին ասել է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և նրանք ուղղակի պետք է բացեն իրենց երկրորդ շնչառությունը՝ մրցաշրջանը հնարավորինս շատ տիտղոսներով ավարտելու համար:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է «Բավարիա» հրավիրել Արդա Տուրանին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների գործով ձերբակալվել են ինը փաստաբաններ’