‘6 հանդիպումներ, որոնք կարելի է դիտել’

665

«Ռոմա» — «Ինտեր», լոնդոնյան «դերբի», շարունակվող ճակատամարտ Վալենսիայում և տոներից հետո վերադարձած «Բունդեսլիգա»: Այս ամենը՝ մեր հերթական շաբաթ-կիրակի օրերին կայանալիք հանդիպումների անոնսում:

«Ռեալ Սոսիեդադ» — «Բարսելոնա»

Շաբաթ, ժամը 21:00

Հենց կատալոնացիների հետ էին կապված անցած շաբաթվա ամենահնչեղ նորությունները: Բայց Տիտոյի թիմը պետք է մինչ «Մալագա»-ի հետ հանդիպումը կենտրոնանա առաջնության հերթական խաղի վրա, որը դժվար է հերթական համարել: Պեպը այդպես էլ չկարողացավ հաղթել Սան Սեբաստիանում, դա կփորձի անել Վիլանովան, ով կարծես թե վերջին հնարավորությունը կընձեռի մեկնարկային կազմում խաղալու Ալեքսիս Սանչեսին:

«Վերդեր» — «Բորուսիա Դորտմունդ»

Շաբաթ, ժամը 21:30

Թոփ առաջնություններից, տոներից հետո ամենից ուշը մեկնարկող առաջնությունից ակնկալիքները մեծ են: Մինչ հերթական տուրը՝ տեղի ունեցավ երկու խոշոր իրադարձություն, որոնք կապված են ներկայիս չեմպիոնի և առաջատարի` Մյունխենի «Բավարիա»-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ «Բավարիա»-ում՝ հայտնի է բոլորին, և այդ թեմայով խոսակցությունները կարծես երբեք էլ չեն դադարի: Իսկ ահա Յուրգեն Կլոպպի թիմում տեղի ունեցավ երկու փոփոխություն: Նախ՝ թիմը լքեց դաշտում բավարար խաղալու ժամանակ չստացող Իվան Պերիչը: Եվ երկրորդ՝ իսպանաանգլիական ճանապարհորդությունից հետո հարազատ ակումբ վերադարձավ Նուրի Շահինը, ով այդպես էլ իրեն չդրսևորեց թե՛ Լիվերպուլում, թե՛ Մադրիդում, և ում համարժեք փոխարինող, չնայած Գյունդոգանի մեծ առաջընթացին, մարզիչն այդպես էլ չգտավ:

«Բարուսիա»-ի մրցաշրջանից ակնկալիքներին մոտակա օրերին առանձին կանդրադառնանք, իսկ մինչ այդ նրանք, հնարավոր է՝ վերաիմաստավորեն այս տարվա «Բունդեսլիգա»-ի խաղերը, քանի որ շատ հնարավոր է՝ ապագա 3 մրցաշրջանում Պեպ Գվարդիոլան կառուցի իրոք անպարտելի մեքենա: Թոմաս Շաֆի թիմն իր հերթին անցկացնում է հերթական անցողիկ մրցաշրջանը, բայց չեմպիոնն այս տարի հաճախ է անտեղի միավորներ կորցնում:

«Չելսի» — «Արսենալ»

Կիրակի, ժամը 17:30

Ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումը, որը կենտրոնական է համարվում իր հնչեղությամբ, ոչ թե թիմերի արդյունքների շնորհիվ: Երկու թիմերն էր լավ ժամանակներ չեն ապրում: Լոնդոնյան երկու ակումբների մարզիչներն էլ վստահ չեն իրենց ապագայի հարցում, և եթե Բենիտեսը դեռևս պայմանագիր ստորագրելուց առաջ կարող էր վստահություն ունենալ, որ այն չի երկարաձգվելու, ապա Վենգերը շատ լուրջ պատճառներ ունի խորհելու այն մասին, որ նա իրոք սպառել է իրեն «Արսենալ»-ում: Բենիտեսին մտահոգում է իր թիմի խաղը սեփական հարկի տակ, որտեղ  անցկացրած 5խաղերից ընդամենը մեկում է 3 միավոր նվաճել: Ժամանակները կարծես թե փոխվում են, բայց լոնդոնյան ակումբների երկրպագուները հույսեր ունեն, որ հաջորդ մրցաշրջանում իրենց թիմերը նորից կկարողանան վերադառնալ նախկին դիրքերը:

«Տոտենհեմ» — «Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 20:00

Ֆերգյուսոնը մինչև հիմա չի մոռացել առաջին շրջանում Վիլաշ Բոաշից կրած պարտությունը և ամեն ինչ կանի՝ վրեժխնդիր լինելու համար: Դրան է նպաստում նաև «Ուայտ Հարտ Լեյն»-ում անցկացրած վերջին 11 հանդիպումների վիճակագրությունը, որոնցում «մանկունյանցիներ»-ը ոչ մի պարտություն չեն կրել: Վիլաշ Բոաշի սաները մնացել են առանց իրենց հիմնական հարձակվող Ադեբայորի և երկար ժամանակով կորցրել են բրազիլացի Սանդրոյին: Ամեն դեպքում՝ պետք է ակնկալել գոլառատ հանդիպում, որտեղ Վան Պերսիի և իր խաղընկերների հաղթանակը մի փոքր ավելի իրատեսական է թվում:

«Ռոմա» — «Ինտեր»

 Կիրակի, ժամը 23:45

Զեմանի թիմը շարունակում է ցուցադրել ամենագրավիչ ֆուտբոլը ամբողջ Իտալիայի առաջնությունում, և եթե ինչ-որ մի հրաշքով ստացվի լուծել պաշտպանությունում խնդիրները, նրանք իրոք կարող են հավակնել ՉԼ-ի որակավորման համար 3-րդ տեղ գրավելուն: Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք ստիպված են «Օլիմպիական» մարզադաշտ ներկայանալ բազմաթիվ կորուստներով: Երկու թիմերն էլ ձգտելու են միայն հաղթանակի, ինչին եթե գումարենք այն, որ «Ռոմա»-ի մասնակցությամբ խաղերում միջինը 3 գնդակից ավելի է գրանցվում, կարելի է հերթական գոլառատ հանդիպում սպասել:

«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:59

Մադրիդցիների համար այդ հանդիպումը «Վալենսիա»-ի հետ 3 հանդիպումներից ամենաանկարևորն է, քանի որ նրանք արդեն վաղուց կորցրել են չեմպիոնական հույսերը: Մոուի թիմը մրցաշրջանը փրկելու համար պետք է փորձի հաղթել «Արքայական գավաթ»-ում և ՉԼ-ում: Ինչպես յուրաքանչյուր շաբաթ՝ Մադրիդում 2 հոգի բախվում են իրար: Այս անգամ գործող անձինք «սերուցքայիններ»-ի մարզիչն ու Ռոնալդուն են, որի պատճառով, ինչպես հաղորդում են իսպանական մամուլում, Կրիշտիանոն նույնիսկ պահանջել է Պերեսից ընտրություն կատարել մարզչի և իր միջև: Խնդիրը ծագել էր «Վալենսիա»-ի հետ գավաթային առաջին խաղի ավարտին, երբ Ռոնալդուն հրաժարվել մարզչի պահանջով վերջին րոպեներին ժամանակ ձգել: Երեքշաբթի օրը տեղի ունեցած գավաթային խաղում, չնայած կրած պարտությանը, հյուրերը ավելի լավ տեսք ունեին և պարտություն կրեցին հիմնականում մրցավարների կոպտագույն սխալներից հետո: Եթե Մոուն որոշի հանգստի հնարավորություն տալ առաջատարներին, ապա Վալվերդեի սաները կարող են ավելի մոտենլ 4-րդ հորիզոնականին:

Նախորդ հոդվածը‘Իրանում հրապարակային մահապատիժ է իրականացվել’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի կանցլերը փետրվարի 25-ին կայցելի Թուրքիա’