‘6 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1655

Ֆուտբոլային մրցաշրջանը մի քանի շաբաթ է, ինչ մեկնարկել է, բայց նրա ոչ պաշտոնական սկիզբը ընդունված է համարել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից և Եվրոպայի սուպերգավաթից հետո: Առաջինից հետո մեզ բաժին հասավ վերջին տարիների ամենահավասարազոր խմբային մրցաշարը, իսկ երկրորդում Պեպ Գվարդիոլան հերթական անգամ հաղթեց Ժոզե Մոուրինյոյին, որից հետո իհարկե պորտուգալացին բողոքեց մրցավարից, ՈՒԵՖԱ-ից և իր հաջողությունից, բայց նոր մրցաշրջանում մեզ սպասվում է բազմաթիվ նոր երևույթներ բոլոր ազգային առաջնություններում: Իսկ այս խաղային տուրում բաց մի թողեք հետևյալ հանդիպումները:

«Յուվենտուս» — «Լացիո»

Շաբաթ, ժամը 22:45

Սուպերգավաթյան խաղում Կոնտեի սաները, վերհիշելով անցյալ խաղաշրջանի գավաթային անարդարությունը, հռոմեացիներին թե խաղի, թե հաշվի առումով ուղղակի նվաստացրեցին: Թուրինցիները, ի տարբերություն անցյալ ամռան, այս տարի գնեցին այն, ինչի կարիքը ունեն՝ Լյորենտե, Տևես և նաև հաջող վաճառեցին՝ Մատրի: «Լացիալեները» նույնպես հարձակվող են փնտրում Կլոզեին լրացնելու համար, որի գլխավոր հավակնորդ Յիլմազը նախընտրում է մնալ «Գալաթասարայում»:

Առաջին տուրում երկու թիմերն էլ դժվարությամբ կարողացան 3 միավոր վաստակել: Կոնտեն, ով Մարկիզիոյի փոխարեն հիմնական կազմում հերթական անգամ կվստահի Պոգբային, կարող է խախտել Բարձալյի, Բոնուչի, Կյելինի եռյակը նրանցից մեկին փոխարինելով Օգբոննային, ով հիմնական կազմի խաղացող կհամարվեր «Սերիա Ա-ի» բոլոր մնացած թիմերում, բացի դրանից արժե սպասել Լյորենտեին թեկուզ 15 րոպեով:

«Լիվերպուլ» — «Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 16:00

Որքան էլ որ հնչեղ համարվի այս զույգը, այս պահին Ռոջերսի և Մոյեսի գլխում ավելի շատ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, որի ընթացքում շատ բան հնարավոր է փոխվի: «Լիվերպուլում» դեռևս սպասում են Սուարեսի վերաբերյալ բավարար առաջարկի, իսկ «Յունայթեդը» ուղղակի տառապում է՝ չգտնելով կենտրոնական կիսապաշտպան, ինչը նրանց ստիպում է Անդեր Հերերայի համար առաջարկել 30 մլն €:

Չնայած կադրային բազմաթիվ խնդիրների, առաջին խաղերում Ռոջերսի սաները հիմնականում ի շնորհիվ Ստարիջի և Մինյոլեի, միայն հաղթանակներ են տարել, և եթե այդ շարքը կարողանան շարունակել նաև «Յունայթեդի» դեմ, առաջին քառյակի թիմերն ու «Տոտենհեմը» ավելի լուրջ կվերաբերվեն «մերսեսայդցիների» հավակնություններին:

«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկ Բիլբաո»

Կիրակի, ժամը 14:00

Մեկնարկած «Լա Լիգայի» առաջին «կլասիկոն»: Երկու թիմերն էլ առաջին երկու խաղերից հետո միավորներ չեն կորցրել, բայց եթե Վալվերդեի «Ատլետիկը» նաև լավ ֆուտբոլ է ցուցադրում, Անչելոտիի թիմը տառապում է, և միայն նրանց դարպասներին չնշանակված 11 մետրանոցներն են որ թույլ են տալիս 6 միավոր ունենալ երկու տուրից հետո: Մադրիդում այս պահին ավելի շատ խոսում են Բեյլի տրանսֆերի իրականացմանն ու Կասիլյասի թիմում ապագայի վերաբերյալ, բայց սեփական հարկում միավորների կորուստը կավելացնի ճնշումը նաև Անչելոտիի վրա: Մադրիդիստները բացի 3 միավորից, հուսով են նաև, որ գոլի հեղինակ կդառնա Ռոնալդուն, ում խաղը ՈՒԵՖԱ-ի կողմից այդպես էլ չի գնահատվում:

«Արսենալ» — «Տոտենհեմ»

Կիրակի, ժամը 18:30

Անցյալ խաղաշրջանի միայն վերջին տուրերում Արսեն Վենգերին հաջողվեց շրջանցել «Տոտենհեմին» և հայտնվել ՉԼ որակավորման փուլում: Այդ ժամանակ «զինագործների» զեկավարությունը խոստանում էր մեծ գումարներ վատնել նոր խաղացողների համար, բայց մինչ այս պահը «Արսենալում» են հայտնվել միայն Յայա Սանոգոն ու Մատյու Ֆլամինին, իսկ Վենգերը պնդում է որ ամեն օր նրան առաջարկում են 50 խաղացողների անուն ազգանուններ: Բոլորովին այլ տրամաբանությամբ է շարժվում «Տոտենհեմը»: Դանիել Լևիին հաջողվեց առավելագույնը քամել Բեյլի տրանսֆերից, որը պաշտոնապես դեռևս «Տոտենհեմինն» է, որի տրանսֆերից սպասվող գումարը նա վատնեց Սոլդադոյին, Կիրիկեշին, Կապուին, Չեդլիին, Պաուլինյոյին, Լամելային և Էրիկսենին ձեռք բերելու համար: Մնում է միայն Վիլաշ Բոաշը ճիշտ տնորինի նման կազմը:

«Ֆեներբախչեի» դեմ դիմակայությունում Վենգերը հերթական անգամ ապացուցեց, որ նման կազմով էլ կարող է արդյունքներ գրանցել: «Արսենալը» 1949-1950 մրցաշրջանից սկսաց երբեք առաջնության առաջին երկու խաղերում պարտություն չի կրել, եթե դրան գումարենք նաև այն որ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս« Արսենալին» վերջին անգամ հաղթել է 1992-ին, Վենգերի սաներին ընգծված ֆավորիտ կարելի է համար: Արժե սպասել գոլառատ հանդիպում քանի որ «Արսենալի» խաղադաշտում տեղի ունեցած վերջին հինգ դիմակայություններում, թիմերը 30 գոլերի հեղինակ են դարձել:

«Վալենսիա» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:00

«Մեծ կատալոնյան դերբին» որի անվանման հետ «չղջիկների» երկրպագուները չեն համաձայնվի, կորցրել է իր առաջվա նշանակությունը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով «Վալենսիան» ամեն տարի վաճառում է իր առաջատարներին, նրանց փոխարինելով կարգով շատ ավելի ցածր ֆուտբոլիստներով: Չորս մրցաշրջանի ընթացքում թիմում որի կազմում կային Դավիդ Սիլվան, Խուան Մատան, Դավիդ Վիլյան, Խոակինն ու հետագայում Սոլդադոն մնացել են Բանեգան, Ժոնասն ու Ռամին: Ամռանը ֆինանսական ճգնաժամի պատճառով թիմը ընդհանուր 40 մլն € վաստակեց Սոլդադոյի, Վալդեսի և Տինո Կոստայի տրանսֆերներից, բայց որոշվեց, որ այդ գումարից միայն 10 մլն է կարելի ծաղսել: Օրիոլ Ռոմեուն, Պոշտիգան կամ Պաբոնը իհարկե վատ ֆուտբոլիստներ չեն, բայց երբեք թիմին չեն վերադարձնի նախկին դիրքին:

Ինչ վերաբերվում է կատալոնցիներին, ապա «Տատան» ջանում է վերադարձնել թիմային պրեսինգն ու խաղացողների աշխատունակությունը: «Ատլետիկոյի» դեմ սուպերգավաթը Բարսան նվաճեց Նեյմարի միակ գոլի և Վալդեսի սեյվերի շնորհիվ, ինչը ամենաքիչ տարորինակ թվաց: Հավաքականների հանդիպումներից առաջ շատ կարևոր է ոչ միայն 3 միավոր վաստակել այլև լավ ֆուտբոլ ցուցադրել:

«Մարսել» — «Մոնակո»

Կիրակի, ժամը 23:00

Ֆրանսիական առաջնությունը վերջապես նոր երկրպագուներ ունի և դրա պատճառը միայն քաթարյան կամ ռուսաստանյան ծագումով գումարները չեն: Օրինակ ֆրանսիական ֆուտբոլի սիրահարներ կարող են պնդել, որ իրենց մոտ են հանդես գալիս աշխարհի ներկայիս երկու լավագույն դարպասապահները՝ Ստիվ Մանդանդան և Գիլերմո Օչոան: Այստեղ են աշխատում նաև 90-ականների աստղեր Ֆաբրիցիո Ռավանելլին, Լորան Բլանն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Միշել Տեր Զաքարյանը, ում գլխավորած «Նանտը» առաջին տուրում հաղթանակից հետո, երկու անընդմեջ պարտություն կրեց:

«Մարսել» — «Մոնակո» դիմակայությունը միայն առաջատարների հանդիպում չէ: Առաջինն հինշաբթի օրը հայտնվեց ՉԼ-ի այս խաղարկության ամենաբարդ խմբում, իսկ երկրորդը ամեն ինչ անելու է որպեսզի հաջորդ խաղարկությունում հայտնվի ՉԼ-ում, իսկ եթե ՊՍԺ-ն շարունակի նման խաղ ցուցադրել կարող է հավակնել նաև չեմպիոնությանը: Իսկ «Մարսելը» այս պահին «Լիգա 1-ի» ամենակայուն ֆուտբոլն է ցուցադրում, հատկապես աչքի ընկնելով պաշտպանական գրագետ խաղով: Ֆալկաոն կիրակի երեկոյան կփորձի հակառակը ապացուցել ֆրանսիայի առաջնության սիրահարներին:  

Նախորդ հոդվածը‘Փակ շուկայի մոտից բերման են ենթարկել Կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Արեն Մանուկյանին բերման ենթարկելու պատճառը’