‘6 ամսվա տվյալներով՝ նույնիսկ պաշտոնական գնաճը զգալիորեն ավելի է աշխատավարձի աճից ‘

1745

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը

Որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանի թանկացումները. արդյո՞ք դրանք հետեւանք էին միայն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, թե՞ կային նաեւ այլ պատճառներ:

— Ոչ: Միանշանակ կարող եմ պնդել, որ դրանք միայն գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունք չէին։ Օրինակ, ռուսական գազը թանկացել է 15%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ 27։ Ինչո՞ւ։ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի միայն 1/3-րդն է գազով։ Ուրեմն՝ էլեկտրաէներգիան առավելագույնը պետք է թանկանար 5%-ով (15։3), բայց թանկանում է 27%-ով։ Արդյունքում՝ 30 դրամից սակագինը դառնում է ոչ թե 31.5 դրամ, այլ՝ 38 դրամ։ Պարզ է, կորուստները շատ են, զոռբաները չեն վճարում, եւ տուժում է հասարակ ժողովուրդը։

Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր էր խուսափել դրանից:

— Իհարկե, հնարավոր էր խուսափել։ Դրա համար հարկավոր է պարզապես անել հետեւյալը՝ իջեցրեք կորուստներն էներգետիկայում եւ կտեսնեք, որ ՌԴ կողմից գազի թանկացումը գրեթե չի ազդի էլեկտրաէներգիայի գնի վրա։

Եվ ինչո՞ւ չխուսափեցինք:

— Այս կառավարությունը ոչ ուզում է, ոչ էլ կարողանում է որեւէ լուրջ բան անել։

Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա:

— Վատ։ Արդեն 6 ամսվա տվյալներով՝ նույնիսկ պաշտոնական գնաճը զգալիորեն ավելի է աշխատավարձի աճից։

Իսկ Հայաստանի տնտեսության վրա այս թանկացումներն ինչպե՞ս կանդրադառնան:

— Արտադրանքի ինքնարժեքը միջին հաշվով կբարձրանա 5-8%-ով։ Ուղիղ այդքան էլ կիջնի մեր՝ առանց այդ էլ անմրցունակ տնտեսության մրցունակությունը։

Թեեւ Երեւանի քաղաքապետը կասեցրել է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման որոշումը, այնուամենայնիվ, չի բացառվում, որ այն կրկին բարձրանա: Ինքներդ դրա հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

— Հաստատ կբարձրանա մի քանի ամսից։ Հո չե՞ն կազմալուծելու տրանսպորտը։

Իսկ տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացումը որքանո՞վ էր հիմնավոր:

— Թվերին չեմ տիրապետում, բայց ինչքան գիտեմ, մի 15 տարի տրանսպորտի ուղեվարձը չէր թանկացել։ Այստեղ ես խնդիրը տեսնում եմ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքապետարանի կողմից գները բարձրացնելու մեջ, այլ այն բանի մեջ, որ կառավարությունը մատը մատին չխփեց սոցիալապես անպաշտպան խավին օգնելու հարցում։ Ավելացնեմ նաեւ, որ քաղաքապետարանին խորհուրդ եմ տալիս ազատ արձակել տրանսպորտի գները։

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է «ռուսամետներ»-«արեւտամետներ» տիտանական բախում’
Հաջորդ հոդվածը‘Ամուսնական զույգը մեղադրվում է որդեգրված երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար’