‘7000 քաղաքացի միացել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը’

901

«Ընդդեմ  կենսաթոշակային պարտադիր վճարումների» քաղաքացիական նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպել է ստորագրահավաք, որի նպատակը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կանխումն է:

Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը:

Ակտիվիստները նշում են, որ 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի կիրառումը ենթադրում է քաղաքացիների աշխատավարձերի փաստացի կրճատում 5-9 տոկոսով, և «դա այն երկրում, որտեղ պաշտոնապես արձանագրված է աղքատության 40 տոկոսի մակարդակ»:

«Օրենքը 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին պարտադրում է վճարել անհայտ ծագումով հիմնադրամներին, որպեսզի տարիներ անց կենսաթոշակ ստանան վճարված գումարների հաշվին: Ընդ որում՝ նրանք բանկային տոկոսներ չեն ստանա, մինչդեռ ֆինանսական հիմնադրամները կառավարող կառույցներն այդ միջոցները կներդնեն արտասահմանում և կստանան գերշահույթ, իսկ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի քաղաքացիների վճարումների ընդամենը 30 տոկոսը», — ասվում է հայտարարությամ մեջ:

Ակցիան նախաձեռնողները դիմել են վարչապետին, իսկ փաստաբան Հայկ Գրիգորյանն օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին կոչ է արել Սահմանադրական դատարանում վիճարկել նշված օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Քաղաքացիական նախաձեռնության դիմումի մեջ նաև նշվում է, որ ակցիային միացած քաղաքացիները լի են նոր կենսաթոշակային համակարիգի դեմ բոլոր օրինական միջոցներով պայքարելու վճռականությամբ: Նախաձեռնությանը 7 հազար քաղաքացի է միացել:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանի նոր բիզնեսը. «Յուքոմ»-ը Հայաստանի 4-րդ բջջային օպերատոր կդառնա’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հարցը լուծվելու է գործողությամբ’