’75-ամյա քաղաքացին պայքարել է եւ շարունակելու է պայքարել’

1085

Այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտակ Գաբրիելյանի բողոքի քննությունը: 

2004 թվականին Արտակ Գաբրիելյանը ձերբակալվել էր հանրահավաքի թռուցիկներ բաժանելու ժամանակ եւ դատապարտվել 1 տարի ազատազրկման, որից հետո պայմանականորեն ազատ էր արձակվել: Նա մեղադրվում էր իշխանությունների տապալման կոչ անելու համար: Մինչ դատարանի որոշումը՝ նա 2 ամիս գտնվել է կալանքի տակ:

iLur.am-ի հետ զրույցում Արտակ Գաբրիելյանը մանրամասնեց իրողությունը՝ նշելով, որ 2004-ին դատարանում ցուցմունք տված բոլոր վկայությունները շինծու էին, եւ ձերբակալությունը կատարվել էր միայն քաղաքական նկատառումներով:

«Առաջին ատյանի դատարանի վճռից հետո ես դիմեցի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, որոնք անփոփոխ թողեցին սկզբնական վճիռը, ինչից հետո որոշեցի դիմել Եվրոպական դատարան»,- նշեց նա՝ հավելելով, որ գործը քննելուց հետո` 8 տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Հայաստանի դատական ատյանները չեն իրականացրել հավասար քննություն, ինչպես նաեւ օբյեկտիվ դատավարություն տեղի չի ունեցել: Դրանից հետո Գաբրիելյանը կրկին դիմեց առաջին ատյանի դատարան՝ իրեն արդարացնելու պահանջով:

Այսօր տեղի ունեցած դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 6-ին:

Արտակ Գաբրիելյանից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյո՞ք մինչ օրս շարունակում է պայքարել, որին ի պատասխան՝ նա վստահեցրեց, որ շարունակում է պայքարել համակարգի դեմ, իսկ այն հարցին, թե մասնակցելու՞ է մարտի 1-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին, Գաբրիելյանը պատասխանեց, որ միանշանակ մասնակցելու է:

Հավելենք, որ Արտակ Գաբրիելյանը 75 տարեկան է:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Իտալիայում ապրող Եղեռնը վերապրած վերջին հայը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Հայրիկյանի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում ‘