’77-ամյա հայ ծերունու դիվերսանտ լինելը ծիծաղելի են համարում նույնիսկ Բաքվում’

1313

77-ամյա հայ «դիվերսանտի» գերավարումը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության նկատմամբ մի շարք հարցեր է առաջացրել:

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանը, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում: Համայնքի ղեկավար Ալիբեյլիի խոսքերով, գյուղացիներն ադրբեջանցի զինվորների օգնությամբ բռնել են ծերունուն, նստեցրել ավըոմեքենա և ուղարկել Բաքու:

Դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իսկույն հայտարարություն տարածեց, որտեղ Խոչայանը բնութագրվեց որպես հայկական հետախուզա-դիվերսիոն խմբի անդամ: Սակայն, այն բանից հետո, երբ Զաքիր Հասանովի գերատեսչության նկատմամբ սկսեցին ակնհայտորեն ծիծաղել նույնիսկ Ադրբեջանում, Խոջայանը հայտարարվեց որպես «դիվերսիոն խմբին կցված ուղեկցող»:

Մեկնաբանելով այս ամենն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այն  համարեց ծիծաղելի: Նրա գնահատականերով, զառամյալ, անզեն, առողջության հետ պրոբլեմներ ունեցող Խոջայանը ոչ մի առնչություն չունի դիվերսանտների հետ: Ընդ որում, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել փորձագետի մոտ: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու Խոջայանին գերի են վերցրել սովորական գյուղացիները, այլ ոչ թե այդ տարածքում ծառայող ադրբեջանցի զինվորականները:

«Եթե 77-ամյա ծերունին այդպես հեշտությամբ կարողացել է հատել սահմանը, ապա հատուկ պատրաստվածություն ունեցող հայկական զինվորականներն ավելի հեշտությամբ կարող են ներթափանցել Ադրբեջանի տարածք, անգամ հասնել մինչև Բաքու, հեշտությամբ իրականացնել դիվերսիաներ ու վերադառնալ ետ»,-հայտարարել է Ջաֆարովը:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում եւ Էրեբունիում մինչեւ վաղը առավոտյան ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. «Հոսատարքային» մտորումներ լեզվի մասին’