Աշոտ Սարգսյան․ ՀՀ նախագահն է Սահմանադրության պահպանման առաջին պատասխանատուն

1068

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է․ 

Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօր հնչեցրած ահազանգին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ։ Խնդիրը կապված է սահմանադրական կարգի եւ իշխանության օրինակարգությանն սպառնացող իրական վտանգի հետ։Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունից ի վեր մեկ անգամ չէ, որ տարբեր իրավաբաններ եւ վերլուծաբաններ արձանագրել են, թե վարչապետի հրաժարականից հետո նա իրավունք չունի մնալու որպես պաշտոնակատար. կա՛մ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, կա՛մ, եթե դա չի հաջողվում, ապա վարչապետի տեղակալներից մեկն է դառնում պաշտոնակատար մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձեւավորված խորհրդարանը կընտրի նոր վարչապետ։Ընդ որում, 2018թ. Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով հենց Ն. Փաշինյանն է, հրապարակավ հայտարարել, որ՝ «իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում, նա չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։ Ս. Սարգսյանն, իրոք, հրաժարակնից հետո չդարձավ պաշտոնակատար, այդ պարտականություններն անցան նրա տեղակալ Կարեն Կարապետյանին։Անընդունելի է ու վատ, եթե խորհրդարանական խմբակցությունները, այլ քաղաքական ուժեր, ի հեճուկս Սահմանադրության պահանջների, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կարող են գործարքի կամ պայմանավորվածության գնալ իշխանության հետ, չտեսնելու տալ օրինականության խախտումը։ Սակայն նրանց պատասխանատվությունը այս դեպքում, թերեւս, միայն բարոյական է կամ քաղաքական։Այլ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում։ Գործող Սահմանադրությամբ նա միակ պաշտոնատար անձն է, ում վրա դրված Սահմանադրության պահպանմանը հետեւելու պարտավորությունը առաջնային է (հոդված 123, կետ 2.)։Իր այդ պարտավորության կատարման համար Սահմանադրությունը ՀՀ նախագահին նաեւ օժտել է նման հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ։Խնդիրն այն չէ, թե ՀՀ նախագահն այդ քայլով որ ուժին կօգնի կամ կվնասի։ Խնդիրը Հայաստանում սահմանադրական կարգի պահպանումն է, ինչը վեր է քաղաքական ցանկացած նկատառումից։

Նախորդ հոդվածըԱճյունների որոնումը նախատեսվում է շարունակել վաղը
Հաջորդ հոդվածըԼիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի՝ Հայաստան այցելության առթիվ