‘8 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1561

Կոնտեի վերադարձի, Լեո Մեսսի հնարավոր փոխարինողների, մանկունյական «դերբի»-ի, և մի շարք այլ իրադարձությունների մասին՝ iLur.am-ի հերթական` եվրոպական թոպ առաջնություններում կայանալիք կարևոր հանդիպումների անոնսում:

«Բորուսիա Դորտմունդ»«Վոլֆսբուրդ»

Շաբաթ, ժամը 18:30

Յուրգեն Կլոպի սաները շատերի համար անսպասելիորեն հաղթող դուրս եկան ՉԼ-ի «մահվան խմբում», և այժմ ժամանակն է որպեսզի կարգավորեն իրենց մրցաշարային խնդիրները ներքին առաջնությունում: Ճիշտ է, այս պահին Մյունխենի «Բավարիա»-ն, իրոք, բոլորից լավ մարզավիճակում է գտնվում, և շատ բարդ կլինի նրանց շրջանցել, բայց նույնը կարելի էր ասել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ինչ մնում է «գայլեր»-ին, ապա նրանք հերթական անգամ ստիպված են անցնել Մագատյան ցնցումների միջով: Թիմը հայտնվել է առաջնության 15-րդ հորիզոնականում և անկախ մրցակիցների հզորությունից՝ արդեն պետք սկսի շտկել իր գործերը «Բունդեսլիգա»-ում:

«Վալյադոլիդ»«Ռեալ Մադրիդ»

Շաբաթ, ժամը 23:00

Չունենալով իր կազմում աստղեր և կառուցված լինելով հիմնականում միջին կարգի ֆուտբոլիստներից՝ «Պրիմերա» վերադարձած «Վալյադոլիդ»-ն այս պահին իսպանական այն թիմերից է, ում խաղային աճին արժե հետևել: Այժմ թիմը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և ընդամենը 4 միավորով է հետ մնում ՉԼ-ի որակավորման 4-րդ տեղից: Մադրիդցիների համար ամեն ինչ պարզ է: Պետք է փորձել խաղ առ խաղ հաղթանակներ տանել, հետո նոր նայել մրցաշարային աղյուսակին: Բայց Մոուրինյոյի սաների համար հեշտ չի լինի, նրանք հյուրընկալվում են այնպիսի թիմի, որը 14 խաղերից և ոչ մեկում սեփական դարպասը 2 գնդակից ավելի բաց չի թողել: Տանտերերի կազմում կարելի է առանձնացնել ակումբի սան Օսկարին, պաշտպան Մարկ Վալյենտեին, եզրայիններ Պատրիկ Էլբերտին և Մանուշոյին: «Վալյադոլիդ»-ի մարզիչը նախկին «Դեպորտիվո»-ի և «Վալենսիա»-ի պաշտպան Ջուկիչն է, ով արդեն մեկ անգամ Բարսային նվիրել է «Լա լիգա»-ի չեմպիոնություն, երբ 1994-ին, խաղալով «Դեպորտիվո»-ում, առաջնության վերջին տուրի վերջին րոպեին 11 մետրանոցից չկարողացավ գրավել «Վալենսիա»-ի դարպասը, ինչը «Դեպորտիվո»-ին առաջին չեմպիոնությունը կբերեր: Այս անգամ նա կարող է դա անել ոչ ուղղակի ձևով՝ մադրիդցիների տարբերությունը առաջատարից դարձնելով — 14:

 «Ռոմա»«Ֆիորենտինա»

Շաբաթ, ժամը 23:45

«Զեմանլանդիա»-ն վերջապես սկսել է լավ արդյունքներ գրանցել, և վերջին 3 խաղերում տարած հաթանակներից հետո հռոմեացիներն այժմ զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը «Սերիա Ա»-ում: Իսկ նախկին Ռոմայի հարձակվող Մոնտելայի թիմը արդեն 9 խաղ է, ինչ պարտություն չի կրել և պայքարում է ՉԼ որակավորման տեղերի համար: Երկու մարզիչներն էլ նախընտրում են բաց ֆուտբոլ, և երևի թե նեյտրալ երկրպագուներն այս մրցաշրջանում իտալական թիմերից հենց այս երկու թիմերի խաղերին էլ կարող են հետևել: Թիմերը հանդիպմանը մոտենում են զգալի կորուստներով: Հռոմեացիների կազմում կբացակայեն Պյանիչն ու «նոր Մեսսի»-ն` Լամելան, իսկ Մոնտելայի թիմում՝ Պիզարոն, ով մեկնել է հայրենիք՝ քրոջ հուղարկավորությանը մասնակցելու համար և Յովետիչը, ով դեռևս չի կարողանում լիովին լուծել իր մկանային խնդիրները: Չնայած երիտասարդ աստղերի բացակայությանը՝ Տոտտին և Տոնին մեզ գոլառատ խաղ են «խոստանում»: «Ռոմա»-ի՝ առաջնությունում անցկացրած 15 խաղերում գրանցվել է 58 գնդակ, և շաբաթ օրը այդ ցուցանիշը կարող է էլ ավելի տպավորիչ դառնալ:

«Մանչեստեր Սիթի»«Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 16:30

Ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էտիհադ» մարզադաշտում: «Քաղաքայիններ»-ի հարստացումից հետո մանկունյական «դերբիներ»-ը նաև մրցաշարային հետաքրքրություն են ձեռք բերել: Մանչինիի թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալուց հետո հենց նրանք են Ֆերգյուսոնի սաների գլխավոր մրցակիցը առաջնությունում: Ամռանը «Յունայթեդ»-ը կարողացավ արաբ շեյխերից խլել Վան Պերսիին, ով, ըստ Ալեքս ֆերգյուսոնի՝ կօգնի իրենց գնդակների տարբերության պատճառով չեմպիոնի տիտղոսը չզիջել իրենց համաքաղաքացիներին: Մինչ այս խաղը «Սիթի»-ն պարտություն չի կրել,  իսկ «Յունայթեդ»-ը ոչ ոքի չի խաղացել «Պրեմիեր լիգա»-ում:

«Պալերմո»«Յուվենտուս»

Կիրակի, ժամը 18:00

Անտոնիո Կոնտեն վերադառնում է: Եթե այս նորությունը ձեզ ոչինչ չի ասում, ապա Կոնտեի մասին հարցրեք Յուվեի երկրպագուներին, ովքեր ձեզ կհավաստիացնեն, որ Յուվեի մարզիչը շատ ավելի ազդեցիկ է, քան Բենիտեսը «Ստամբուլյան հրաշք»-ի ժամանակ, և ինչպես Գատուզոն է ասում՝ ավելի ոգեշնչող է, քան Ալ Պաչինոն «Յուրաքանչյուր կիրակի» ֆիլմում: Թուրինցիների համար շատ կարևոր է մինչև մարտ ավելացնել առավելությունը իրենց հետապնդող թիմերից, որպեսզի կարողանան կենտրոնանալ ՉԼ-ի «փլեյ օֆֆ» խաղերի վրա, որտեղ եթե Կոնտեին հաջողվի լուծել հարձակվողների խնդիրը, «ծեր սինյորա»-ն իրոք կարող է նվաճել իր երրորդ ՉԼ-ի գավաթը: «Ես երբեք ինձ ուժեղ ֆուտբոլիստ չեմ համարել, բայց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ հանճարեղ մարզիչ»՝ սրանք Անտոնիոյի խոսքերն են, որոնք մոտ են իրականությանը:

«Էվերտոն»«Տոտենհեմ»

Կիրակի, ժամը 18:00

Հաշվի առնելով «Չելսի»-ի և «Արսենալ»-ի անկայուն վիճակը և այն, որ «Վեստ Բրոմբիչ»-ը վստահաբար չի կարողանա նույն մարզավիճակը երկար պահպանել, հենց այս թիմերին կարելի է այս պահին համարել մանչեստերցիների գլխավոր մրցակիցը «Պրեմիեր լիգա»-ում: «Տոտենհեմ»-ից խաղը բաց կթողնի թիմի առաջատար Գարեթ Բեյլը, որից կփորձի օգտվել «Մոյեսթիմ»-ի աջ եզրային Կևին Միրալյասը, ով փայլուն մարզավիճակում է գտնվում: Թիմերն աչքի են ընկնում մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներով, այսպես, օրինակ` եթե խաղերը 90 րոպեի փոխարեն տևեին 80 րոպե, ապա Վիլաշ Բոաշի թիմը կգլխավորեր մրցաշարային աղյուսակը: Հանդիպումների վերջին 15 րոպեներին լոնդոնցիները արդեն 15 գնդակ են բաց թողել սեփական դարպասը: Մինչդեռ լիվերպուլցիները փոխարենը վատ են մեկնարկում հանդիպումները: Մոյեսի սաները ամենից շատ հարվածն են կատարել մրցակիցների դարպասը՝ 96, և ամենաշատ ոչ-ոքիներն են խաղացել՝ 8, որոնցից 3-ը՝ վերջին 3 խաղերում: Տանտերերը մրցակցից հետ են մնում 3 միավորով և հաղթանակի դեպքում կհավասարվեն նրանց:  

«Ինտեր»«Նապոլի»

Կիրակի, ժամը 23:45

Ճիշտ է, դեռ ընդամենը դեկտեմբեր է, և Յուվեն սկսել է սայթաքել, բայց հաշվի առնելով Կոնտեի վերադարձը՝ հենց այս հանդիպումը կարող է դառնալ որոշիչ՝ չեմպիոնական մենամարտում Յուվեի պլանները խառնելու հարցում: Երկու թիմերն էլ երկրորդ կազմով դուրս եկան Եվրոպայի լիգայի «փլեյ օֆֆ» և կապված ձմռան զարգացումներից՝ կորոշեն, թե ինչպես են վերաբերվելու եվրոպական խաղերին: Ստրամաչիոնին դեռևս շարունակում է թիմ կառուցել, իսկ Մաձարիի թիմի համար այս մրցաշրջանը երևի թե վերջինն է, որում այս կազմով հնարավոր կլինի որևէ լուրջ հաջողության հասնել:

«Ռեալ Բետիս»«Բարսելոնա»

Կիրակի ժամը 23:59

Տիտո Վիլանովայի սաների համար շատ դժվար կլինի շարունակել իրենց ռեկորդային հաղթանակների շարքը առաջնությունում: Դրա համար կան մի քանի պատճառներ: Նախ, «Բետիս»-ը շատ անհարմար մրցակից է Բարսայի համար, և վերջին անգամ կատալոնցիները «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հաղթել են 2005-ին, երբ դեռ նրա անվանումը «Մանուել Լուիզ դե Լոպերա» էր, և երբ իրենց կազմում խաղում էին Սանտի Էսկերոն և Մաքսի Լոպեսը: Բացի դրանից՝ Ֆելիպե Մելի թիմը անդալուսյան «դերբի»-ում կրած 5-1 պարտությունից հետո միայն հաղթանակներ է տանում և այս պահին շատ լավ մարզավիճակում է գտնվում, հատկապես՝ կիսապաշտպաններ Կանյասն ու Բենյատը:

Մելի թիմը դժվարություններ էր ստեղծում Բարսայի համար նույնսիկ «Կապմ Նոու»-ում և այն քիչ թիմերից է,  ովքեր բաց ֆուտբոլ են խաղում «Բարսելոնա»-ի դեմ: Լեո Մեսսիի մասնակցությունը խաղին դեռ որոշված չէ, և նրա բացակայության դեպքում հետաքրքիր կլինի, թե Տիտոն ում կխաղացնի կենտրոնում: Տարբերակները երկուսն են՝ Սեսկ Ֆագրեգաս կամ Դավիդ Վիլյա, ով գոլերի կարիք ունի իր լավ մարզավիճակը հաստատելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայաստանում կան շաքարավազ ներկրող 84 ընկերություններ. Է.Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովում ‘
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ». Սուտը որպես իշխանությունների միակ գործիք ‘