Հարց, որ կարեւոր է մեր անվտանգության որեւէ այլ խնդրի համեմատությամբ

2189

Մի քանի օր առաջ շուրջ 80 ստորագրությամբ հայ մտավորականության անունից հրապարակված ուղերձին անդրադարձավ Լեւոն Տեր- Պետրոսյանը՝ Ավետիք Իսահակյանի հուշերից, պատմաբան Լեոյի հետ ունեցած մի զրույցի մեջբերմամբ (iLur.am, 2 Մարտի 2022)։ Նրանք համարում են, որ 20-րդ դարասկզբի հայ մտավորականությունն իր անհաշվենկատ «հայրենասիրական» կեցվածքով եւ խոսքով ապակողմնորոշեց հայ հասարակությանը, սնեց ժամանակի կուսակցությունների արկածախնդրական գործելակերպը, ինչի հետեւանքը եղան հայությանը եւ Հայաստանին պատուհասած զարհուրելի աղետները։ Առաջին նախագահը դրա հետ զուգահեռել է մերօրյա մտավորականության կեցվածքն ու դերակատարումը Հայաստանի անկախությունից ի վեր՝ դրա նույնպիսի հետեւանքը համարելով այն նոր աղետը, որ մեզ վրա հասավ Ղարաբաղյան վերջին պատերազմով։

Հիշյալ 80 հոգուց երկուսը՝ ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը եւ Ռադիկ Մարտիրոսյանը, հարկ են համարել պատասխանել (hraparak.am, 02.032022) մեղադրական այս արձանագրմանը։

Մինչեւ այդ «պատասխաններին» անդրադառնալը, մի փոքր ծանոթություն։

Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարել արձագանքել հայ մտավորականների անունով արված այս հայտարարությանը՝ իր այդ արձագանքի հիմքում դնելով մեծանուն Լեոյի եւ Ավետիք Իսահակյանի խոսքը։

Լեոն եւ Ավ. Իսահակյանը ինքնախարազանման այդ խոսքով շատ կարեւոր պատմական մի դաս են արձանագրում սեփական փորձի վրա. «Բայց ո՞վ է մեղավորը,- ասում էր նա ինձ,-  մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը»։

Ինչո՞ւ են նրանք դա անում, եւ ինչո՞ւ է Ավետիք Իսահակյանը այս զրույցը հատուկ արձանագրել. որպեսզի այդ փորձի վրա մտավորականության հաջորդ սերունդները հեռու մնան նման գործելակերպից ու կեցվածքից։ Այսինքն՝ հասարակությանը չկերակրեն անիրականանալի «հայրենասիրական» պատրանքներով, գիտակցելով, որ դա նպաստավոր հող է ստեղծում քաղաքական արկածախնդրության համար՝ հղի ողջ ազգին սպառնացող կործանարար հետեւանքներով։ Փակագծում ավելացնենք, որ արհավիրքներից հետո ու դրանց թարմ ազդեցության տակ նույն բանն արձանագրել են նաեւ Առաջին հանրապետության մի շարք գործիչներ եւ մտավորականներ (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Սիմոն Վրացյան, Ստեփանոս Սապահգյուլյան, Լեւոն Չորմիսյան)։

Բայց այս դասը մոռացվեց, մոռացվեց շատ կարճ ժամանակում։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա է հիշեցնում. պատմական այս դասը մոռանալով եւ նույն սխալը կրկնելով՝ հայ մտավորականությունը, Հայաստանի անկախությունից ի վեր, ստեղծեց հասարակական այն մթնոլորտը, հողը, որում ծաղկեց նույն քաղաքական արկածախնդրությունը։ Ասում է, որ Արցախյան պատերազմից հետո այդ արկածախնդրությունը անհնար դարձրեց հաղթական դիրքերից, փոխզիջումների հիման վրա արժանապատիվ խաղաղության եւ Արցախի հարցի լուծման միակ իրատեսական հնարավորությունը, ի վերջո, 2020-ին հասցրեց հերթական ծանրագույն աղետին ։

Իսկ դա հենց այդպես էլ չի՞ եղել։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է մտավորականության ոչ թե 80, 180, այլ թեկուզ 8 հոգու ստորագրությամբ մի փաստաթուղթ, որը մինչեւ հիմա եղած որեւէ իշխանության կոչ է արել հեռու մնալ ակնհայտորեն արկածախնդրական պատրանքներից եւ Արցախի հարցում գնալ արժանապատիվ, փոխզիջումային լուծման։ Իսկ այդ նույն ընթացքում քանի՞ այսօրինակ «ոչմիթիզական» հոխորտալից «հերոսական» փաստաղթեր են թխվել։ Այսօր ակնհայտ է չէ՞, որ ցանկացած նման լուծում տասնապատիկից մինչեւ հարյուրապատիկ անգամ գերադասելի կլիներ, քան այն, ինչ վաստակեցինք դրա հետեւանքով։ Պարզվում է՝ ակնհայտ չէ, եւ ակնհայտ չէ հենց մտավորականների համար, անգամ հետին թվով։ Այլապես նրանք չէին կազմի եւ 80 հոգով չէին ստորագրի անհիմն պատրանքներով լեցուն հերթական ապակողմնորոշիչ «հերոսական» փաստաթուղթը։

Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի համար խնդիրն ամենեւին անցյալի վերաբերյալ հետին թվով մեղադրական խոսք հնչեցնելը չի եղել։ Ահռելի չափի այն աղետը, որ «ոչմիթիզականության» խրախճանքի հետեւանքով սկսվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին, դեռ հայտնի չէ, թե երբ ու ինչով կավարտվի։ Մինչդեռ մտավորականները նույն եռանդով եւ հերոսական կեցվածքով շարունակում են հասարակությանը կերակրել նույնպիսի պատրանքներով ու սին հույսերով՝ դրանով իսկ պարարտ հող ստեղծելով նոր արկածախնդրության ու աղետների համար։

Սա է Առաջին նախագահի արձագանքի շարժառիթը եւ անհանգստության հիմքը, ինչի համար եւ «օգնության» է կանչել Լեոյին եւ Ավետիք Իսահակյանին։

Այս ամենում, սակայն, մի մխիթարական բան կա՝ նույն անհանգստության հանրայնորեն ընկալվող իրողությունը, ինչի վկայությունն են այս թեմայով ակտիվ քննարկումները. դրան արդեն տարբեր լրատվամիջոցներում մի քանի հոդվածներ են նվիրվել։ 

***

Իսկ հիմա՝ ակադեմիկոսների «պատասխանների» ու մեղադրանքների մասին։

Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելու կամ ինչ-որ բանում նրան մեղադրելու միակ մեթոդը, ձեւը ի սկզբանե եղել է փաստերն ու իրողությունները կեղծելը կամ նրա խոսքերը խեղաթյուրելը։ Երբ դա արել են ու անում են նրա քաղաքական հակառակորդները՝ բնական է եւ քաղաքական պայքարի տրամաբանությամբ «բացատրելի»։ Սակայն բազմապատիկ անգամ անբացատրելի է, երբ  նույն այդ մեթոդին դիմում են բարձրագույն տիտղոսներով մտավորականներ։ Մենք չկարողացանք երկու ակադեմիկոսների խոսքերում գտնել իրականությանն անգամ մոտեցող մի միտք կամ արձանագրում։

Ռադիկ Մարտիրոսյան. ՀՀ ԳԱԱ  նախկին նախագահ, ակադեմիկոս.

«Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր ժամանակներում այնքան տարբեր բաներ է ասել, հատկապես Ղարաբաղի հարցում, որ հիմա դժվար է ասել՝ որն է իր ասածից համապատասխանում իրականությանը, որը՝ ոչ»։

Իրականությունից ավելի հեռու որեւէ այլ բան դժվար էր մտածել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, ով Արցախի հարցի, դրա լուծման ճանապարհի մասին միշտ նույն բանն է ասել, ընդ որում՝ ի սկզբանե, ե՛ւ պաշտոնավարման տարիներին, ե՛ւ դրանից հետո մշտապես։ Վերոհիշյալ հոդվածներից մեկում (aliqmedia.am 05.03.2022)  հավաքված են տասնյակից ավելի քաղվածքներ նրա ելույթներից, որոնք ցուցադրում են Արցախի հարցում նրա առանցքային եւ անխաթար մոտեցումը։ Ընդ որում՝ նման քաղվածքները կարելի է հարյուրապատկել։

Աշոտ Մելքոնյան, պատմաբան ակադեմիկոս, ՀԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն.

1. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մտավորական է, ընդ որում՝ մտավորական, ով պետական լծակներ ուներ իր ձեռքին՝ 1990թ․ օգոստոսի 4-ից, երբ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, իսկ հետո էլ՝ 1991թ․ հոկտեմբերի 16-ից, նախագահ մինչեւ 1998-ը։ Ուրեմն ինքը, լինելով մտավորական, թող ասեր իր մտավորականի խոսքը եւ պետական լծակներն օգտագործեր իր պատկերացրած տարբերակով Արցախի խնդիրը լուծելու համար»։

Առաջին նախագահին ուղղված տարաբնույթ մեղադրանքների շարքում սա տարօրինակ է իր եզակիությամբ. պաշտոնավարման տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը արդյոք չի՞ խոսել Արցախի խնդրի մասին, չի՞ փորձել այն լուծել։

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ դառնալուց ընդամենը մեկ ամիս հետո  նա արդեն ընդարձակ ելույթով ներկայացրել է «իր պատկերացրած տարբերակով», այն է՝ փոխզիջումների հիման վրա Արցախյան հակամարտությունը կարգավորելու ռազմավարական ծրագիրը (տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 113-122)։

Ա. Մեքոնյանը, որպես ժամանակակից, չի՞ հիշում արդյոք 1997թ. աշնանային մթնոլորտը, չի՞ կարդացել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածը, 1998թ. հունվարի 8-ի ելույթը Անվտանգության խորհրդի նիստում եւ փետրվարի 3-ին նրա հրաժարականի հայտարարությունը, չի՞ մասնակցել 1997թ. աշնանը Ակադեմիայի գիտնականների հետ Նախագահի բազմամարդ հանդիպմանը, որտեղ նա մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման իր ծրագիրն ու նախաձեռնությունը։ Եւ այս բոլորից հետո մեղադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե նա Արցախի խնդրի մասին իր խոսքը չի՞ ասել եւ չի՞ փորձել այն լուծել…

2. «Իր պաշտոնավարության շրջանում արդյո՞ք հայ մտավորականության ձայնը լսելի էր, ես կարծում եմ՝ ոչ»։

Այստեղ ինչ-որ բան խառնել է Աշոտ Մելքոնյանը. ո՞ւմ լսելի չէր մտավորականության ձայնը։

Նույն՝ 1997-ի աշնանը, երբ Հանրապետության նախագահը արցախյան կարգավորման իր ծրագիրն էր ներկայացնում նույն այդ մտավորականության հետ կազմակերպած հանդիպումներում, հենց դա՝ «մտավորականության ձայնն» էր ակնկալում, սթափեցնող ձայնը՝ հանուն կենսականորեն կարեւոր խնդրի բանական ու արժանապատիվ լուծման։ Ակնկալում էր մտավորականության այն ձայնը, որը Լեոյի եւ Ավետիք Իսահակյանի դառը խոստովանությամբ չէր հնչել հարյուր տարի առաջ, ավելի ճիշտ՝ հնչել էր, բայց հակառակ ուղղությամբ։ Սակայն, ինչպես հարյուր տարի առաջ, հիմա էլ հայ մտավորականությունը խոսեց նույն ուղղությամբ. խոսեց ոչ թե քաղաքական ուժերին եւ անհատներին սթափեցնելու, արկածախնդրության դեմ հասարակական կարծիքի պատնեշ ստեղծելու, այլ ճիշտ հակառակը՝ «հերոսական» կեցվածքով, սին խոստումներով ու հեռանկարներով նույնպիսի մի արկածախնդրության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելով։

Մտավորականությունը խոսեց 1997-ի հոկտեմբերին «Կինոյի տան» ավելի քան 500 մարդով կազմակերպած աղմկալի մի ժողովում։ Ամենահայրենասիրական ու հերոսական ճառերն ասվեցին, ամենավարդագույն հեռանկարները գծվեցին, ամենախիստ ձեւով քննադատվեց եւ վերջին խոսքերով պիտակավորվեց Հանրապետության նախագահի՝ Արցախյան հակամարտության լուծման ծրագիրը (սրա մասին տե՛ս նաեւ Գ. Խաչիկյանի հոդվածը (4-rd am. 05.03.2022)։ Ու առաջին հերթին «մտավորականության այդ ձայնի» շնորհիվ ստեղծված հասարակական մթնոլորտում էր, որ ուժ առավ արկածախնդրությունը, հնարավոր եղավ պետական հեղաշրջում իրականացնել, երկիրը հասցնել քաղաքացիական պատերազմի նախաշեմին ու դրանով խափանել կարգավորման այն ծրագիրը, որն այսօր վարդագույն երազում անգամ դժվար է տեսնել։

Հիմա պատկերացնենք, որ նույն մտավորականությունը նույն պաթոսով 1997-ին (եւ մինչ այդ) իր ձայնը բարձրացրած լիներ հօգուտ Արցախյան կարգավորման իրատեսական ծրագրի եւ սաստեր արկածախնդրական ընթացքը։ Այդ դեպքում բոլորովին այլ կլիներ հասարակական մթնոլորտը, եւ ոչ մի «հայտնի ուժ», ոչ մի Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չէին համարձակվի անել այն, ինչ արեցին։ Եւ այսօր չէինք ունենա դրա աղետալի հետեւանքը, ինչի անխուսափելիության մասին ակնհայտ ու անհերքելի փաստարկներով, հանրամատչելի ու համոզիչ զգուշացնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ավելին, թերեւս՝ որեւէ մեկը չէր համարձակվի կարգավորման այդ ծրագրին ընդդիմանալ նույնիսկ այն դեպքում, եթե նույն այդ մտավորականությունը պարզապես լռեր…

Իսկ թե ինչու մտավորականությունը այդպես չվարվեց, մենք ենթադրություն չանենք, դա հստակ ասում է ինքը՝ Աշոտ Մելքոնյանը.

3. «Խնդիրն այն է, որ գոյություն ունի պատմականության սկզբունք, եւ խնդրին պետք է մոտենաս տվյալ ժամանակաշրջանի տեսանկյունից, այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, եւ որեւէ մեկը եթե պարտվողական կամ զիջողական դիրքերից հանդես գար, անմիջապես նրա այդ մոտեցումը կարող է այլ կերպ ընկալվեր»։

Այստեղ «պարտվողականը» իր բնորոշումն է՝ ժառանգված նույն 1997-ի տխրահռչակ ընդդիմադիրների բառապաշարից։ Վաղուց արդեն պարզ չէ՞, որ այդ բառով է բնորոշվել իրատեսականը, ինչը, գեթ վերջին պատերազմից հետո, խոստովանեցին եւ արձանագրեցին շատերը։

«Զիջողականը» դարձյալ կապ չունի իրականության հետ, նման բան չի եղել։ «Փոխզիջումն» ու «զիջումը» շատ տարբեր բաներ են. Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւէ չի խոսել միակողմանի զիջումների մասին, այլ միշտ՝ փոխզիջումներով կարգավորման։

Բայց այստեղ կարեւոր ինքնախոստովանություն կա, ինչը շատ դիպուկ նկատել ու ճշգրիտ մեկնաբանել է վերոհիշյալ հոդվածներից մեկի հեղինակը՝ Գրիգոր Խաչիկյանը. «Եթե մեր մտավորականությունը… պատմաբանները հանկարծ ոչ հաղթողական, այսինքն ոչմիթիզականությանը հակասող, բայց Հայաստանի և Արցախի ապագան ճիշտ պատկերող կարծիք հայտնեին, անմիջապես դավաճան կհայտարարվեին»։

Հիմա էլ մտավորականները նույն բանն են մտածում ու նույն շարժառիթով են կազմել ու 80 հոգով ստորագրել վերոհիշյալ «ուղերձը». ինչո՞ւ հետ մնալ, ասենք, արապապյանների ու հայկմարտիրոսյանների «հայրենասիրական» աճպարարություններից կամ արժանանալ նրանց քննադատությանը։

Իսկ դրա հետեւա՞նքը…

Իսկ դրա հետեւանքը 1915-1920 թվականների այն արհավիրքն էր, որի համար, անձնական պատասխանատվություն ստանձնելով ու խորապես զղջալով, ժամանակի մտավորականության անունից  խոստովանում են Լեոն եւ Ավետիք Իսահակյանը։

Դրա հետեւանքը հիմա՝ ուղիղ 100 տարի հետո եղավ 44-օրյա պատերազմի բերած արհավիրքը, ինչը ոչ միայն քաջություն չի ունենում խոստովանելու այսօրվա մտավորականությունը, ոչ միայն զղջման խոսք չի ասում, այլ ընդհակառակը՝ հոխորտալից նույն ժխորը շարունակելով, հող է պարարտացնում հաջորդ մի արհավիրքի համար։

Ահա, սա է մեծագույն վտանգը։ Ուստիեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի շնորհիվ հրապարակային քննարկման առարկա դարձած այս հարցն իր կարեւորությամբ առաջնային է Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության եւ ընդհանրապես՝ հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված որեւէ այլ խնդրի համեմատությամբ։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածըԿիևի հետ բանակցությունների մեկնող ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրեստում
Հաջորդ հոդվածըԲացահայտվել և չեզոքացվել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը․ ԱԱԾ