’89 կողմ/89 դեմ. Աննդախադեպ քվեարկություն ԵԽԽՎ-ում «քաղբանտարկյալ» տերմինի բնութագրման հարցով ‘

1417

iLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ն վերջապես սահմանել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի բնորոշումը և Եվրոպայի Խորհրդի երկրներին խնդրում է այսուհետև իրավաբանական քննարկումների ընթացքում հաշվի առնել այն: Այս որոշումը կարեւոր է նրանով, որ մինչ այժմ եվրոպական այդ կառույցի ներկայացուցիչները հնարավորություն ունեին ընտրովի որոշել Խորհրդի անդամ որեւէ երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության հարցը:

Ելնելով (աշխարհա)քաղաքական նպատակահարմարությունից, նրանք հիմնականում հղում էին անում այն փաստի վրա, թե քանի որ ԵԽ-ն այդ տերմինի սահմանում չունի, իրենք չեն կարող որեւէ մեկին անվանել քաղբանտարկյալ: ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգը հայաստանյան այցելությունների ժամանակ հենց այդ հանգմանքով էր պայմանավորում Մարտի 1-ից հետո Հայաստանում անազատության մեջ հայտնված հարյուրավոր մարդկանց նկատմամբ «քաղբանտարկյալ» տերմինի չգործածումը:
Իսկ այսօրվա նիստում վերջապես հստակ սահմանվել է, որ «քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ»: Քաղբանտարկյալ է համարվում նաև անձնական ազատություից զրկված անձը, երբ ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը,որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել: Քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա»:
Այն, որ ԵԽԽՎ-ն վերջապես ընդունեց այս բանաձեւը, իսկապես, խիստ կարեւոր է: Սակայն, պակաս կարեւոր չէ նաեւ այն, թե ինչպես եւ ինչ պայմաններում է այդ բնորոշումն ընդունվել:
Բանն այն է, որ ընդհանրապես այդ քննարկման շարժառիթը դարձել է Ադրբեջանի վերաբերյալ հարցը: Եւ բանաձեւի նախագծի ընդունման ամբողջ ինտրիգը կապված էր այն բանի հետ, որ Վեհաժողովում քննարկման ժամանակ խիստ սուր բանավեճ ընթացավ: Մինչ բանաձեւի ընդունումը շրջանառության մեջ էր դրվել բանաձեւի երկու տարբերակ: Առաջինի բովանդակությունը վերը նշվածն է, իսկ երկրորդով` սահմանվում էր, թե անձի քաղբանտարկյալ լինելու հանգամանքը պետք է որոշի Եվրոպական դատարանը: Իսկ սա արդեն կնշանակեր` ամիսներով, իսկ գուցե նաեւ տարիներով ձգձգել գործընթացը: Թեժ քննարկումների արդյունքում, որի ընթացքում պատգամավորները հասցրել են նույնիսկ գոգոռալ միմյանց վրա, երկրորդ տարբերակը ստացել է աննախադեպ ձայների դասավորություն. քվեարկությանը մասնակցող պատվիրակներից 89-ը կողմ էին, 89-ը դեմ: Քանի որ ըստ կանոնադրության, ձայների հավասար բաշխման դեպքում նախագիծը չի ընդունվում, արդյունքում քվեարկության է դրվել նախագծի առաջին տարբերակը, որն էլ ընդունվել է ձայների 100 կողմ, 64 դեմ եւ 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ բանաձեւին ամեն կերպ ընդդիմացել են ադրբեջանական, ռուսական պատվիրակությունները եւ Իսպանիան ներկայացնող մի քանի պատգամավորներ: Վերջիններիս հիմնական մտահոգությունը կապված էր բասկերի «ԷՏԱ» խմբավորման ակտիվիստների ձերբակալության հետ: Ռուսների եւ ադրբեջանցիների դիմադրությունն ավելի հասկանալի է: Ինչ վերաբերվում է կողմ քվեարկածներին, ապա նրանց թվում էին հիմնականում գերմանացիները, բալթյան երկրների ներկայացուցիչները, Հյուսիսային Եվրոպայի երկրների ներկայացուցիչները, որոշ ֆրանսիացի պատգամավորներ: Ամենաուշագրավ հանգամանքը, թերեւս այն էր, որ նախագծին ամբողջ կազմով կողմ է քվեարկել հայաստանյան պատվիրակությունը, այդ թվում՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Բնական է, որ նման որոշման համար հիմք է ծառայել առաջին հերթին այն, որ քննարկման շարժառիթը Ադրբեջանն էր: Սակայն, բանն այն է, որ անկախ այն բանից, թե շարժառիթը ո՞ր երկրում տեղի ունեցող զարգացումներն են, քաղբանտարկյալ տերմինի բնութագիրն արդեն ընդունվել է, ինչը նշանակում է, որ այն կիրառվելու է ԵԽ անդամ բոլոր երկրների պարագայում:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Բան Գի Մունը կոչ է անում Թուրքիային՝ չսրել տարածաշրջանում լարվածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոնա Լիզայի աճյունը փնտրող գիտնականները եւս երկու ենթադրյալ «Ջոկոնդա» են հայտնաբերել ‘