‘«9 արտիստ + 20 տարի = 55 արտիստ» ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում ‘

1240

Սեպտեմբերի 18-ին ՆՓԱԿ-ում մեկնարկեց «9 արտիստ+ 20 տարի = 55 արտիստ» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված է ՆՓԱԿ-ի գործունեության 20-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 57 արտիստների լուսանկարչական, գեղանկարչական, նորարարական և տեսանյութային ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Սոնա Աբգարյանի խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված են մեծ թվով երիտասարդ ստեղծագործողներ, ցուցահանդեսը բազմաժանր է՝ ընդգրկում է արվեստի բազմաթիվ ճյուղեր:
«Ցուցահանդեսի նպատակն է հայկական ստեղծագործական արվեստի բնագավառում հայտնաբերել նոր անուններ, կարևոր է երիտասարդներին հնարավորություն տալ ցուցադրվելու ճանաչված ստեղծագործողների հետ», — ասաց նա:
Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, ցուցահանդեսի մասնակիցների շարքում էր նաև ֆոտոլրագրող Անի Գևորգյանը, ով ներկայացված էր հեղինակային երեք՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարության, Հարսնաքարում սպանված Վահե Ավետյանի հուղարկավորության և քառասունքի ժամանակ արված լուսանկարներով:
«Որպես ֆոտոլրագրող՝ կարծում եմ, որ թերթում արած լուսանկարներս քիչ բան են ասում, թեև ասելիքը շատ-շատ է, ուստի մտածեցի, որ դրանք առանձին կյանքով ապրելու իրավունք ունեն», — մեկնաբանեց Անին:
Բազմաժանր ցուցահանդեսին ներկայացված էր նաև Մուսա լեռան հերոսամարտով ոգեշնչված կոմպոզիցիա, ուր քարերը փափաթված էին մետաղալարերով՝ խորհրդանշելով Մուսա լեռան աննկուն մարտիկներին:
Համարձակ լուծում կարելին էր համարել նաև կնոջ սեռական օրգանների պատկերով նորարարական ստեղծագործությունը, որում կնոջ օրգանը պատկերված էր բազմաթիվ գույներով ու նախշերով՝ նպատակ ունենալով ցույց տալ կնոջ «օրգանի» ապրանքայնացումը և մատչելի լինելը:
Ցուցահանդեսը կշարունակվի մեկ ու կես ամիս:
Բոլոր մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորը Արցախում խոստացել է Սաֆարովի հարցը բարձրացնել ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանը դադարեցրել է էներգիայի արտադրությունը’