‘9/02-ում մի քանի քաղաքացիներ իրենց հասցեներում գրանցված անծանոթ մարդկանց են հայտնաբերել’

1511

Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված 9/02 տեղամսային հանձնաժողովի քարտուղար Սոֆյա Ղեւոնդյանը (ՀԱԿ) iLur.am-ին փոխանցեց, որ տեղամասում ընտրության ներկայացած առնվազն երեք քաղաքացիներ հայտնաբերել են, որ իրենց բնակարանի հասցեում անծանոթ մարդիկ են գրանցված:  

Դրանք են Չ. Բեգոյանը, Վ. Դավթյանը եւ Մ. Էլմասյանը:

Տիկին Ղեւոնդյանը մեզ տեղեկացրեց, որ նշված անձինք դեռեւս չեն եկել քվեարկության, բայց գալու դեպքում նա անպայման արձանագրություն է կազմելու դրա վերաբերյալ:

9/02 հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը (ՀՀԿ) iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տանտերերի համար անծանոթ «բնակիչներին» չի կարող արգելել մասնակցել քվեարկությանը: «Եթե քաղաքացին գրանցված է պաշտոնական ընտրացուցակում, ես որեւէ հիմք չունեմ՝ արգելելու նրան քվեարկելու», — ասաց նա: Հանձնաժողովի  նախագահի խոսքով՝ չի բացառվում, որ ընտրություններին արդեն իսկ մասնակցած քաղաքացիներն են սխալ տեղեկություններ հաղորդում: «Դա իրավական խնդիր է, եւ իրավաբանները կարող են պարզել այն, բայց ես այս պահին իրավունք չունեմ քաղաքացուն թույլ չտալ քվեարկել», — ասաց Զավեն Միրիջանյանը:

Մենք ՀՀ ընտրողների ռեգիստրում ուսումնասիրեցինք նշված անձանց տվյալները: Նրանք իսկապես գրանցված են այն հասցեներում, որոնք նշված են տեղամասում փակցված ցուցակներում: Սակայն ուշագրավ է, որ նրանցից ոչ մեկի ազգանունը չի համապատասխանում  նույն հասցեում գրանցված մյուս քաղաքացիների ազգանվանը, իսկ 1981 թվականին ծնված Մ. Հ. Էլմասյանի հետ միասին նույն հասցեում գրանցված են չորս Ալեքսանդրյաններ, ենթադրաբար՝ ամուսիններ եւ նրանց զավակները:  

Նախորդ հոդվածը‘7/15-ում քաշքշել են ԲՀԿ-ական ավագանու թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Փորձել են խլել ՔՀԻ դիտորդի հեռախոսը (տեսանյութ)’