‘
Ավելի քան 90 հազար դոլարի յուրացման մեջ մեղադրվող «Մարի Իզմիրլյանի անվան» պետական մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ նախաքննության, մեղադրյալ Մկրտչյանը, 19 քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձևակերպելով, յուրացրել է 46 մլն դրամ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ջեյն Բյուքենոնն իր մի քանի այցելություններից հետո մայիսին բարձրաձայնել էր՝ մանկատանը նկատել է մահճակալներին կտորով կապված երեխաների, արձանագրել, որ նրանցից ոմանք կյանքի մեծ մասը մահճակալներին պառկած են անցկացնում: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ մանկատանը երեխաներին ոջիլի դեղի փոխարեն խավարասերների դեմ նյութեր են տվել:
«Ազատություն» ռադիոկայանի «Ըստ էության» թոք-շոուի ժամանակ սոցապ նախարարության ներկայացուցիչ Թադեւոս Ավետիսյանը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ, թեեւ «Մաիրի Իզմիրլյան»-ը, ինչպես եւ բոլոր մյուս ՊՈԱԿ-ները նախարարության ենթակայության տակ են, բայց առանձին իրավաբանական անձինք են, եւ նրանք ղեկավարները ամբողջական պատասխանատվություն են կրում աշխատանքի կազմակերպման, կադրերի ընտրության եւ այլ գործերի համար:
«Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արաքս Մելքոնյանը, մինչդեռ, շեշտեց, որ ՊՈԱԿ-ների գործունեութան համար, ամեն դեպքում, պետությունն է պատասխանատվություն կրում:
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով, «իրավապահները բացահայտել են բացահայտը»:
«Հենց այնպես մեր երկրում ոչ մի տեղ չեն գնում, պատահական սկսում ստուգել և բացահայտում այն, ինչ ստվերում չէ՝ հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ․․․ դրանց մեծ մասում այս խայտառակությունները կան», — նշեց փորձագետը: Բախշյանը թերահավատ է, թե մանկատան տնօրենը կազատազրկվի:
‘