’94-ի եռակողմ համաձայնագիրը պահել ատամներով’

3160

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5­-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այդ մասին ըստ Արմենպրեսս-ի, հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը:

«Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների Զինված ուժերի ԳՇ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-­ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- ասել է նա:

Հուսանք, որ Օհանյանի մատնանշած պայմանավորվածությունը ընդամենը բանավոր է, եւ որ զինադադարի մասին նոր փաստաթուղթ չի ստորագրվել` «շարքից հանելով» զինադադարի մասին մինչ այժմ գործող` 1994 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագիրը` ՀՀ եւ ԱՀ ՊՆախարարների եւ ԼՂ ՊԲ հրամանատարի միջեւ:

Այն պահից սկսած, երբ պաշտոնական Ստեփանակերտը դուրս մնաց բանակցային գործընթացից, սա միակ գործող փաստն էր առ այն, որ ԼՂ հակամարատությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է, այլ Ղարաբաղի ու Ադրբեջանի, որին ստիպված ներգրավվել է նաեւ Հայաստանը, եւ հակամարտությունը ստացել էր եռակողմ բնույթ:

Սակայն, բանակցային ամբողջ գործընթացի ընթացքում Ադրբեջանը ինչպես հայտնի է, համառորեն վարել է հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղավորելու քաղաքականություն:

­Հիմնականում Ադրբեջանին հաջողվել էր հասնել իր նպատակին, սակայն, նրան խանգարում էր 1994-ի եռակողմ համաձայնագիրը: Եւ հիմա հուսանք, այս մի` մեզ համար խիստ կարեւոր փաստաթուղթը շարունակում է գործել, նոր երկկողմ փաստաթուղթ չի ստորագրվել` նվիրելով Ադրբեջանին մեր հիմնական «խաղաթուղթը»: Հուսանք, որովհետեւ 1994-ի եռակողմ համաձայնագիրը պետք է պահել ատամներով, հակառակ դեպքում ՀՀ իշխանությունները ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներին շատ բան կունենան բացատրելու:  

 

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Խաղաղության գնալը դարձել է պատերազմ գնալու պես ահավոր’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Անկեղծության պահը’