‘
Անարդյունք, անպտուղ խորհրդակցություններ են: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած՝ հետընտրական զարգացումների շուրջ քննարկումներն iLur.am_ի հետ զրույցում այսպես որակեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Այսօր Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի հրավերով տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ընդդիմադիր բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգությունից»:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ նախագահի հետ քննարկումների ժամանակ ընդդիմությունն առաջ քաշեց արտահերթ նստաշրջանի օրակարգը: «Դրանից հետո հինգ անգամ խորհրդակցություններ եղան: Մեծամասնությունը ներկայացրեց մի նախագիծ, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ներկայացրեցին իրենց նախագիծը: Պարզ դարձավ, որ մեծամասնության մոտ ցանկություն չկա արտահերթ նիստ հրավիրելու: Նման մթնոլորտում ինչ-որ հարցեր քննարկելը համարում ենք ժամանակի իզուր կորուստ: Եթե մեծամասնությունը ցանկանում է արտահերթ նիստ հրավիրել, ապա շատ լավ գիտի, որ կարող է նախաձեռնել եւ ներկայացնել օրակարգը», — ասաց Ռուբեն Հակոբյանը:
‘