‘
Հիմնադրամի խորհրդի և՛ հին, և՛ նոր անդամները ստորագրել են, նշել են, որ գիտեին՝ գումարից որքանն է փոխանցվել, որքանը մնացել Օսկանյանի հաշվին: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Ես «Սիվիլիթասին» ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք: Փոխանցված գումարները համապատասխանում են կոպեկ առ կոպեկ, կարող եք հաշվել: Եթե Հանթսմանն ուզեր, ապա միանգամից ողջ գումարը կփոխանցեր «Սիվիլիթաս»-ին, կարող էր, չէ՞, Հանթսմանը դա անել»,- ասաց Օսկանյանը:
Նրա խոսքով՝ գումարը փոխանցած Հանթսմանն իր առաջ խնդիր չի դրել, թե ինչպես փողը փոխանցել, և ինքն այդ գումարն ավանդ է դրել, որ տոկոսն էլ «Սիվիլիթասի» համար օգտագործվի:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Վարդան Օսկանյանին՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:
‘