‘
Ադրբեջանն Իսրայելին կամ որևէ այլ երկրի թույլ չի տա իր օդային տարածքն ու ցամաքային միջոցներն օգտագործել Իրանի կամ ցանկացած այլ երկրի վրա հարձակում գործելու նպատակով, հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը: «Այդ մասին նույնիսկ մտածել չարժե, չէ՞ որ Իրանի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, բացի այդ՝ Ադրբեջանը ուրիշ երկրների գործերին չմիջամտելու քաղաքականություն է վարում»,- ասել է դեսպանը պակիստանյան The News-ին տված հարցազրույցում:
Նախօրեին «Ռոյթեր» գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե Ադրբեջանը և Իսրայելը քննարկում են Իրանի վրա հավանական հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմակայանները համատեղ օգտագործելու տարբերակները: Գործակալությունը հղում էր արել ադրբեջանցի պաշտոնաթող սպաների և ռուսաստանյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:
Դեսպանի խոսքերով՝ Ադրբեջանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ, չի կարող իր տարածքը տրամադրել՝ այդ կազմակերպության մեկ այլ անդամի վրա հարձակում գործելու նպատակով: Դեսպանի հերքման մյուս փաստարկն այն է, որ Ադրբեջանի բարեկամ մի երկիր առաջարկել է իր ֆիզիկական օգնությունը ադրբեջանական գրավյալ տարածքների հարցը լուծելու համար, սակայն «Ադրբեջանի կառավարությունը մերժել է այդ շռայլ առաջարկը, քանի որ դա կարող էր ճանապարհ բացել Ադրբեջանի տարածքն այլ պետության կողմից օգտագործելու հնարավորության առջև»:
Իսրայելի կողմից ադրբեջանական տարածքում գտնվող ավիաբազաների օգտագործման լուրը նախօրեին հերքել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտգործնախարարությունը:
‘