‘
Էկվադորը նախկինի պես պատրաստ է քննարկել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դիմումը ապաստան տրամադրելու մասին, սակայն այս պահին իրավիճակի հանգուցալուծումը ռուսական իշխանությունների ձեռքում է, այս մասին հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան:
«Մենք չենք հրահրել ստեղծված իրավիճակը: Սնոուդենը կապի մեջ է եղել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, Ասանժը խորհուրդ է տվել նրան ապաստան խնդրել Էկվադորում: Որպեսզի ապաստան տրամադրելու մասին դիմումը քննվի, նա պետք է լինի Էկվադորի տարածքում: Այժմ Սնոուդենի հետ կապված հարցի լուծումը գտնվում է ռուսական իշխանությունների ձեռքում»,- Կորրեայի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էկվադորի նախագահը հեռախոսազրույց է ունցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: «ԱՄՆ փոխնախագահը խնդրել է մերժել Սնուոդենի` իրեն ապաստան տրամադրելու դիմումը»,- հայտնել է Կորրեան:
Տեղեկություններ կան, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ սենսացիոն փաստեր հրապարակած Էդվարդ Սնոուդենն այժմ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:
‘