‘
Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների (բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի) բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց:
Այս մասին հայտարարում է Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով վերջին օրերին ՎՊ հաշվետվության վերաբերյալ կառավարական գերատեսչությունների ղեկավարների արձագանքին:
Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո մի շարք նախարարներ հանդես են եկել մամուլի ասուլիսներով, որոնցում հիմնականում իրենց անհամաձայնությունն են հայտնել ՎՊ հաշվետվությունում տեղ գտած՝ ոլորտներին վերաբերող գնահատականներին:
«Իսկ ինչ վերաբերում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թլանվում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում», — ասվում է ՎՊ հաղորդագրությունում:
‘