‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ախտորոշել» է, որ նախագահական ընտրարշավում իր հիմնական հակառակորդ Միթ Ռոմնին տառապում է «ռոմնեզիա» («Romnesia») հիվանդությամբ: Այդ կերպ Օբաման, AP-ի փոխանցմամբ, ծաղրել է հանրապետականների թեկնածուի՝ առանցքային հարցերում դիրքորոշումը փոխելու վարքագիծը: «Նա մոռանում է, թե ինչպիսին է եղել իր սեփական դիրքորոշումը, և գրազ է գալիս, որ դուք էլ մոռացած կլինեք»,- հայտարարել է Օբաման՝ իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով Վիրջինիայում:
Հանրապետականներն իրենց հերթին շարունակում են քննադատել նախագահի վարչակազմին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման և ԱՄՆ դեսպանի սպանության համար:
Օբամայի և Ռոմնիի երրորդ՝ վերջին հեռուստաբանավեճը կայանալու է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Ըստ նախագահի՝ այն նվիրված է լինելու արտաքին քաղաքականությանը: Հիշեցնենք, որ առաջին հեռուստաբանավեճի հաղթող էր ճանաչվել Ռոմնին, երկրորդինը՝ Օբաման:
‘